Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը, չնայած հակառակ պնդումներին, խաղաղություն չի փնտրում իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. այս մասին Newsweek-ի համար իր հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը:

Նա հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանը ստիպել է 120,000 էթնիկ հայերի հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ ոչնչացնելով դրա վաղեմի ինքնակառավարումը և ջնջելով Հայաստանի պատմական տարածքներում հայկականության բոլոր հետքերը:

«Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր մեկ տարի առաջ ձերբակալված քաղբանտարկյալներին՝ ինքնավար շրջանի նախկին ղեկավարությանը»,- նշել է Օսկանյանը:

Վերջինս ընդգծել է, որ ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է: Նա կոչ է արել աշխարհին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս շտկի իր պահվածքը: Այս համատեքստում Օսկանյանը լավ հնարավորություն է համարում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովը:

«Բաքվում այժմ կալանավորվածները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյան, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայան, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը՝ միջազգային իրավունքի համաձայն ինքնորոշման ձգտող ժողովրդի օրինական ներկայացուցիչներն են: Արդյո՞ք համաշխարհային տերություններն այս տարիների ընթացքում բանակցում էին ահաբեկիչների և հանցագործների հետ, ինչպես հիմա ասում է Ադրբեջանը։ Իհարկե ո՛չ։ Այս առաջնորդները համեմատելի են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Իբրահիմ Ռուգովան Կոսովոյից կամ Խոսե Ռամոս-Հորտան Արևելյան Թիմորից. անհատներ, ովքեր խաղաղ միջոցներով պայքարել են իրենց ժողովուրդների ինքնորոշման համար: Նրանց կալանավորումը հայկական հարցը լռեցնելու քաղաքական հնարք է, միջազգային իրավունքի լուրջ խախտում և մարտահրավեր գլոբալ դիվանագիտական գործընթացի օրինականությանը»,- նշել է Օսկանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել