ՆԱՏՕ-ի արևելյան թևը կազմող 14 երկրների պաշտպանության ընդհանուր ծախսերը զգալիորեն աճել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Bloomberg գործակալությունը նշում է, որ 2024 թվականին դրանք կազմել են 70 միլիարդ դոլար։
Ինչպես նշում է գործակալությունը, վկայակոչելով դաշինքի ղեկավարության աղբյուրների, ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամների պաշտպանության ընդհանուր ծախսերը հասել են աննախադեպ մակարդակի ԽՍՀՄ-ի տրոհման պահից ի վեր։
Այդ աճը պայմանավորված է զենքի և ռազմական տեխնիկայի գնումների ավելացմամբ՝ Ռուսաստանի կողմից «աճող սպառնալիքի» ֆոնին։ Այդ ցուցանիշով առաջատարը դարձել է Լեհաստանը, որի պաշտպանական ծախսերն ընթացիկ տարում հասել են երկրի ՀՆԱ-ի 4,12 %-ին։
Լեհաստանին հաջորդում են Էստոնիան (ՀՆԱ-ի 3,45 %), Լատվիան (3,15 %), Հունաստանը (3,08 %) և Լիտվան (2,85 %):
ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամների պաշտպանական գերատեսչությունների պաշտոնյաներն ընդգծում են, որ ռազմական տեխնիկայի արդիականացման արդյունքում իրենց երկրների համար առաջացել է դրա հետ աշխատող որակյալ կադրերի բացակայության խնդիրը։ Բացի այդ, այս պահին տարածաշրջանում չկան բավականաչափ պահեստներ սպառազինությունների ավելացված քանակությունը տեղավորելու համար:
Օրերս ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ՀՆԱ-ի 2 %-ի չափով ռազմական ծախսերն այլևս բավարար չեն դաշինքի նպատակներին հասնելու համար՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է գնեն հազարավոր նոր զինատեսակներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի կործանիչներ։