Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ինքը՝ որպես կառավարության ղեկավար, երբեք չի համաձայնի, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այս մասին Ֆիցոն ասել է STVR-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է Pravda.sk-ն։
Սլովակիայի վարչապետը նշել է, որ ինքը ոչինչ չունի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ, թեև կարծում է, որ «այդ ուղին իր ավարտին չի հասնի դեռ մի քանի տարի»։
Սակայն, ըստ Ֆիցոյի, ինքը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Նա պնդում է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ հիմք կհանդիսանա Երրորդ համաշխարհային պատերազմի համար:
«Քանի դեռ ես Սլովակիայի Հանրապետության վարչապետն եմ, հետևելու եմ, որ այն պատգամավորները, որոնց նկատմամբ ես քաղաքական վերահսկողություն ունեմ որպես կուսակցության նախագահ, երբեք չհամաձայնեն Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ասել է Ֆիցոն՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը պահանջում է վավերացում դաշինքի անդամ երկրների խորհրդարանների կողմից
Ֆիցոն վերջերս ասել էր, որ կցանկանար վերականգնել նորմալ հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։