Սեպտեմբերի 22-ից 27-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ կատարած այցի ընթացքում։
Նյույորքյան այցի ընթացքում Աննա Հակոբյանը, «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, մի շարք այցեր ու հանդիպումներ է ունեցել, որի ընթացքում ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը։
Սեպտեմբերի 22-ին, Աննա Հակոբյանը մասնակցել է «Women Political Leaders» համաշխարհային ցանցի՝ «Երկխոսության ձևավորում ՄԱԿ 79-րդ Գլխավոր ասամբլեայում» խորագրով ֆորումի՝ «Ներկայացուցչությունը կարևոր է» ամենամյա ընդունելությանը։ Աննա Հակոբյանը և Թալին Թօփալաքեանը ընդունելության ընթացքում մի շարք կարճ շփումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած կին քաղաքական գործիչների, տարբեր միջազգային կառույցների ղեկավարների հետ, փոխանակվել են տպավորություններով։
Սեպտեմբերի 23-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայի հրավերով, ներկա էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Securing the Future for Children: Addressing new challenges for Soft Power» խորագրով գագաթնաժողովին։
Սեպտեմբերի 24-ին Աննա Հակոբյանն ու Թալին Թօփալաքեանը նախ Նյու Ջերսիում ՄԱԿ «Unchained At Last» կազմակերպության համակարգող Հուրի Գեդելեկյանի հրավերով ջերմ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նույն օրը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մշակութային կցորդ և սփյուռքում հայ համայնքի ակտիվ անդամ Շողակ Հովհաննիսյանն ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել հայ համայնքի 40 ներկայացուցիչների։
Երկու հանդիպումների ժամանակ Աննա Հակոբյանն ու Թալին Թօփալաքեանը բոլորին ծանոթացրել են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի առաքելությանը, գործունեությանը, ընթացիկ ծրագրերին։ Ջերմ և մտերմիկ միջավայրում ներկաները բարձրաձայնել են նաև իրենց հուզող հարցերը։ Աննա Հակոբյանը լսել է բոլորին, անկեղծ ու անմիջական պատասխանել հարցերին:
«Շատ ջերմ ընդունելության արժանացանք, իրականացվող ու դեռ մշակման փուլում գտնվող ծրագրերը ամերիակահայերի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին։ Բոլորը դրական գնահատեցին հիմնադրամի գործունեությունը և առաջիկայում գործակցելու պատրաստակամություն հայտնեցին։ Մենք պարզեցինք, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից շատերը մանրամասն չգիտեին մեր ծրագրերի մասին։ Տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է ԱՄՆ ճանաչողական այցեր կազմակերպելու հնարավորությունը, որի ընթացքում «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ ամերիկյան մշակույթին և մասնակցել վերապատրաստման տարբեր դասընթացների»,- ասել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Չնայած, որ հանդիպումները զուտ գործունեությունը ներկայացնելու բնույթ էին կրում, բոլորը, տպավորված լինելով հիմնադրամի գործունեությամբ, նվիրատվություն են կատարել՝ շեշտել է Թալին Թօփալաքեանը։
«Մենք կարողացանք ամբողջ գործունեությունը ներկայացնել մեր հայրենակիցներին և այդ ջերմ ընդունելությունը մեզ ավելի է մոտիվացնում մեծ եռանդով աշխատելու և ավարտին հասցնելու կամ կյանքի կոչելու բոլոր ծրագրերը։ Առ այսօր մենք ԱՄՆ-ից արձագանքներ ենք ստանում և հայ համայնքի ներկայացուցիչները, անգամ այն մարդիկ, որոնք ներկա չեն եղել հանդիպմանը, կապվում են մեզ հետ և մեր ծրագրերի մասին տեղեկություն են խնդրում, որպեսզի խորքային ծանոթանան և աջակցեն հիմնադրամին»,- ընդգծել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրենը։
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Աննա Հակոբյանը մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը։ Վարչապետի տիկինը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների առաջին տիկինների հետ, որոնք կիսվել են իրենց գործունեությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել