168.am-ը գրում է․
2024 թվականի սեպտեմբերի 9-11-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։
Վերջինս, իրականում, հերթական հարթակն էր, որը գործող իշխանություններն օգտագործեցին՝ խաղաղության օրակարգերը միակողմանի հաստատելու համար․ ավելին՝ Նիկոլ Փաշինյանը նորից առիթն օգտագործեց՝ խոսելու ինչ-որ «խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ բաց թողնելով հարցը, թե ինչպիսի՞ խաղաղություն պետք է սպասել տարածաշրջանում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքում են դեռ ադրբեջանական զինված ուժերը, Արցախում ցեղասպանական գործողություններից դեռ չի էլ անցել մեկ տարի, երբ Ադրբեջանում դեռ գերեվարված են մի քանի տասնյակ հայեր։
Այս վեհ գաղափարները միջազգայնացնելու համար` ի մասնավորի, համաժողովի շրջանակներում հյուրանոցային և տրանսպորտային ծառայությունների համար ԱԳՆ-ն պետական բյուջեից ծախսել է 37 միլիոն 500.000 դրամ։ Գնումը կատարվել է ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով․ մատակարար ընկերությունն «Արմենիա Թրավել + Մ» ՍՊԸ-ն է։
Ի դեպ, այս ընկերությունը, ըստ armeps էլեկտրոնային հարթակի, թեև դեռ 2016 թվականից է պետգնումներում (2017-2019 թթ․ընդմիջումով), սակայն միայն 2019 թվականից է բացառապես մեկ անձ ընթացակարգով սկսել ծառայություններ մատուցել։
Ընկերության հետ ՄԱ գնման ընթացակարգով միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր են կնքել Ազգային ժողովը և Արտաքին գործերի նախարարությունը։