Tert.am-ը գրում է.
Մեկ տարի առաջ ադրբեջանական ուժերը դաժան ռազմական գործողություն սկսեցին Լեռնային Ղարաբաղում, մի քանի օրվա ընթացքում արտաքսեցին 120,000 էթնիկ հայերի, որոնց համար այս տարածաշրջանը հազարամյակներ շարունակ տուն էր: Մի քանի մակերեսային հայտարարություններից բացի, միջազգային հանրությունը ոչինչ չարեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Այժմ այն եզակի հնարավորություն ունի իրավիճակը շտկելու: Այս մասին գրել է ամերիկյան The National Interest հանդեսը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 11-22-ն Ադրբեջանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների հարցերով գագաթնաժողովը (COP29), որը Բաքուն փորձելու է օգտագործել իր հեղինակությունը «փայլեցնելու» և իրեն որպես տարածաշրջանում առաջատար դրսևորելու նպատակներով: Սակայն ինչպես նշում է հոդվածի հեղինակ Թոմաս Բեքերը (Մարդու իրավունքների համալսարանական ցանցի իրավական և քաղաքական հարցերով տնօրեն, Կոլումբիայի իրավաբանական դպրոցում և Ուեսլեյան համալսարանում մարդու իրավունքների դասախոս), իրավապաշտպան համայնքն ի դեմս գագաթնաժողովի հնարավորություն է տեսնում վերջապես ուշադրությունը սևեռելու Ադրբեջանի չափազանց օդիոզ ռեժիմին, որը շարունակում է ագրեսիա պլանավորել Հայաստանի դեմ և չարաշահումներ թույլ տալ սեփական ժողովրդի նկատմամբ:
«COP29-ը կարող է հաթակ ծառայել պետական մակարդակի մասնակիցների համար՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի երկիրը դադարեցնի չարաշահումները, ինչպես նաև կոնկրետ ճանապարհ առաջարկի իրենց հայրենիքից վտարված բազմաթիվ մարդկանց», - գրում է The National Interest-ը:
Հոդվածագիր Թոմաս Բեքերն այնուհետև անդրադառնում է Արցախյան հիմնախնդրի պատմությանը, ներկայացնում 2020-ի պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ու նախորդ տարի Բաքվի զանգվածային հարձակումն Արցախի Հանրապետության վրա, ինչի հետևանքով այն ամբողջովին անցավ Ադրբեջանի օկուպացիայի տակ:
«Տարածքի զավթումն անողոք էր. ադրբեջանական ուժերը ոչնչացրել են գյուղերը, խոշտանգել բանտարկյալներին և գլխատել նրանց, ովքեր չափազանց հիվանդ կամ տարեց էին փախչելու համար: Թեև հրադադարը հաստատվել է, բայց Ադրբեջանի դաժանությունը չի հանդարտվել: Մենք Մարդու իրավունքների համալսարանական ցանցում (UNHR) անցած չորս տարին անցկացրել ենք՝ հետաքննելով այս և այլ չարաշահումները, որոնք հանգեցրել են անցյալ տարվա էթնիկ զտումներին: Հարվարդից, Օքսֆորդից, UCLA-ից, Ուեսլեյանից և Յեյլից մեր թիմն իրականացրել է յոթ փաստահավաք առաքելություն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, որոնցից ամենավերջինը տեղի է ունեցել վերջին ամսում: Վերջերս մենք հրապարակեցինք 200 էջանոց զեկույց մեր ուսումնասիրած վայրագությունների մասին, այդ թվում՝ սրասափելի խոշտանգումների, սպանությունների, անհետացումների, դիակների խեղման, եկեղեցիների ու գերեզմանատների ավերման վերաբերյալ: Այս չարաշահումները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը ոչնչացնելու Ադրբեջանի ավելի լայն արշավի մի մասն են: Այս քաղաքականությունը բացահայտորեն քարոզվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայերին անվանում է «առնետներ», «շներ» և «բարբարոսներ», որոնք վարակված են «վիրուսով», որոնք «բուժվելու կարիք ունեն»», - նշում է իրավապաշտպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: