Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցը Կանադա չի չեղարկվել, այլ հետաձգվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:
«Այցը չի չեղարկվել, այլ հետաձգվել է: Պատճառն այս պահին Կանադայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն է: Կոալիցիոն ուժերից մեկը դուրս է եկել կոալիցիայից, ու ստեղծվել է որոշակի անկայունություն: Դրանով պայմանավորված՝ Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, խնդրել, որ այցն այս փուլում տեղի չունենա և ժամկետները փոփոխվեն: Իրավիճակի հանգուցալուծով պայմանավորված՝ այցը տեղի կունենա, բայց ժամկետների մասին այս պահին տեղեկություն չկա»,- ասաց Հարությունյանը:
Նշենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը կարգադրություն էր ստորագրել Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի «Օտտավա գործուղելու մասին» Կ-231-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այցի չեղարկման մասին։