Իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործով կալանավորվածներից մեկը «Սև Հովազ»-ի նախագահ Սերոբ Գասպարյանն է։ NEWS.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Վարույթում հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման խնդիր ունենք։ Վարույթում ապացուցողական բազան բացակայում է։ Վարույթն իրականացնող մարմինը վերացական մոտեցում է ցուցաբերում գործին»,- նշեց պաշտպանը։

Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ Սերոբ Գասպարյանը որևէ կապ չի ունեցել իշխանության յուրացման հետ․ «Նա իր գործունեության ընթացքում շատ անձանց ու հասարակական կազմակերպությունների հետ է շփվում, բայց դա չի նշանակում, որ նա գործունեությունն անօրինական է։ Նա կարող է ԱՄՆ-ում էլ կապեր ունենալ, և այլ երկրերում նույնպես, սակայն այդպիսի հարաբերությունները վարույթի հիմք չեն կարող հանդիսանալ»։

Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ 2-ամսյա կալանքի դեմ պատրաստվում են Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել