Tert.am-ը գրում է.
Կառավարությունը քննարկեց և ընդունեց «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին օրենքների նախագիծը:
Հիմնական զեկուցող տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ նշեց, որ գործող օրենսդրության հաաձայն՝ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի դադարումը կասեցվում է, և տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, եթե օրենքով նախատեսված չէ, որ դա ենթակա է անհապաղ կատարման։
«Ցավոք, մեր որոշ տնտեսվարողներ օգտվում են ընձեռնված հնարավորություններից, ու չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունն էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի ու առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են ու ստանում ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն»,- ասաց նա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախագծով միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Երբ մենք մարդուն գնում ու ասում ենք, որ ձեռք չտաս կպայթի, ուրեմն մարդը պետք է ձեռք չտա, որովհետև մենք իրեն պաշտոնապես զգուշացրել ենք, որ կլպայթի, բայց սա բավարար չէ: Այստեղ էլ արդեն վեց տարի շարունակվող բանավեճի հետ ենք առնչվում՝ տուգանքի մատերիալ լինլ չլինելու հետ կապված»: