Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է, եւ դրա հիմնական նպատակն է, որ այն խնդիրները, որոնք մնք ունեցել ենք առնվազն 2020-ի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, կարողանանք կառավարելի դարձնել, նաեւ Հայաստանի կարողություններն ավելացնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք բազմիցս խոսել ենք Հայաստանի անվտանգության եւ դիվերսիֆիկացիայի մասին, եւ դիվերսիֆիկացիան մեր հիմնական առաջնահերթությունն է: Եթե անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք, տնտեսության ոլորտում մեծ հաջողություններ չունենք, բայց մենք շարունակում ենք մեծ ծավալով ջանքեր ներդնել, որ կարողանանք հաջողություն ունենալ:
Հաջողություններից մեկը մեր ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք ՌԴ-ի հետ: Այսօր այդ թիվը 96-ից իջել է 10 տոկոսից էլ ցածրի: Դա վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր մենք ունենք մի քանի կարեւոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Մեկը Հնդկաստանն է, մյուսը Ֆրանսիան, և մենք փնտրում ենք այլ գործընկերներ»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով, իրենք նպատակ ունեն, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում, այսինքն ռազմարդյունաբերության ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը. «Սա մեր ռազմավարական նպատակն է: Նաեւ ուզում ենք ունենալ 4-5 գործընկերներ, որոնցից յուրաքանչյուրի հետ ծավալը 20 տոկոսից չի գերազանցի»:
ԱԽ քարտուղարի խոսքով, Հայաստանը փնտրում է գործընկերներ նաեւ տնտեսական հարցերով դիվերսֆիկացիայի համար. «Տնտեսության բազմազանեցումը եւս կարեւոր է: Այսօր աշխարհում գրեթե բոլոր երկրները փնտրում են բազմազանեցում:
Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են ինքնիշխանության ամրապնդումը, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը: Մեր նպատակը նաեւ նա է, որ բազմազանեցման գործընթացը սպասարկի հենց այս ռազմավարական նպատակները»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը: