Երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խոսքերից մեկը կհիշատակեմ՝ եթե Աստծո առջև չեք խոնարհվում, ստիպված պետք է լինեք խոնարհվել մարդու առջև, ընտրությունը ձերն է, մենք ընտրել ենք Աստծո առջև խոնարհվելը:

Այս մասին Մայր տաճարում հրավիրված ասուլիսին ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե ծնկի են բերելու բարձրաստիճան հոգևորականներին:

«Ծնկի բերելու շատ հայտարարություններ են եղել, մենք մեր պատմական հիշողությունը չենք կորցրել, բայց արաբներն էլ են փորձել, պարսիկներն էլ, սելջուկներն էլ փորձել են ծունկի բերելու, բայց տեսնում եք, որ Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի հետ միասին մշտապես հարություն է առնում և որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, և ոչ էլ ծունկի կիջնի, բացի մեր տիրոջից, թող մտահոգվեն նրանք, ովքեր Աստծո առջև չեն խոնարհվում և ծնկի չեն գալիս»,- ասաց նա:

Նրա խոսքով, բոլոր հեղափոխություններից հետո եկեղեցու նկատմամբ նոր իշխանությունները որոշակի վախ են ունեցել՝ կիսելու եկեղեցու հետ միասին իրենց իշխանություն կոչվածը:

«Չեն հասկանում, որ Եկեղեցու իշխանությունն այս աշխարհից չէ, իսկ իրենց պատկերացրած իշխանությանը մենք երբևէ չենք ձգտի: Եթե մեկը զբաղվում է քաղաքականությամբ, դա ենթադրում է, որ վերջնական նպատակը քաղաքական իշխանություն ունենալն է:

Եկեղեցին այդ բոլոր հարցերով զբաղվում է իր քաղաքացիական պարտականության, իրավունքի և կեցվածքի շնորհիվ, որը երբեք չի ենթադրում, որ Եկեղեցին հավակնություն ունի քաղաքական իշխանություն ունենալուն: Դա այսօր ոչ մի կերպ, ցավոք, չեն ուզում հասկանալ և իրենք իրենց մեջ պարանոիդալ վախեր են ձևավորել, չգիտես՝ ինչու: Չգիտես, թե ինչու այդ վախերն անընդհատ կան»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել