Tert.am-ը գրում է.

Բանակցությունները հարթ չեն ընթանում, առկա են մի շարք դժվարություններ, բայց խաղաղության պայմանագրի բովանդակության մեծ մասը համաձայնեցված է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Բաքվից տարբեր հայտարարություններ ենք լսում, որոնց մի մասը կառուցողական չեն: ՀՀ-ն, սակայն, շարունակում է առաջ տանել իր նարատիվները, մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ: Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանից ավելի վատ հայտարարություններ են հնչել, բայց ստացվել է որոշակի հաջողության հասնել, հետևաբար եկեք սա որպես փակուղի չհամարենք» ,- ասաց նա:

Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստան - Ադրբեջան երկկողմ խոսակցությունն ունի ստացված դրվագներ, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ այդ խոսակցությանը միջամտում են տարածաշրջանային այլ երկրներ, որոնք այլ շահեր ունեն, նրանց կողմից ճնշումները ևս կարող են անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան խոսակցության վրա: Կարող է երրորդ երկրի ներգրավվածության արդյունքում Ադրբեջանն այլ հռետորաբանություն դրսևորի, սա խանգարում է բանակցային գործընթացին»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մշտական հայտարարություններին՝ պատգամավորն ասաց. «Իլհամ Ալիևը խոսում է Հայաստանի Սահմանադրության մասին, բայց մենք էլ ոչ մեկ անգամ ասել ենք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը Հայաստանի ներքաղաքական կյանքն է, ու Ադրբեջանն իրավունք չունի խառնվելու դրան: Եթե ՀՀ-ում կա սահմանադրական փոփոխությունների քննարկում, ապա դա սկսվել է «թավշյա հեղափոխության» ընթացքում։ Հետևաբար, համեմատությունը, որ Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը ու մենք սկսել ենք խոսել դրանից, պատվիրված ու կեղծ նարատիվ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել