ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ջերմորեն ողջունելով մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի հյուրերին, ընդգծեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է խաղաղության օրակարգին, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, հետևաբար ինքը կփորձի կիսվել ընդհանրական բնույթի մտքերով՝ նպատակ ունենալով գեներացնել համաժողովի այսօրվա և վաղվա երկխոսությունը:

Միրզոյանը իր ելույթը սկսեց աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի խոսքով «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունից. ««Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Թվում է պարզ, բայց շատ դիպուկ նախադասությունն ամբողջությամբ նկարագրում է թե՛ այստեղ՝ մեր շուրջը, թե՛ տարբեր այլ տարածաշրջաններում ձևավորված իրավիճակը։

Անշուշտ, հարկ է խոստովանել, որ մեր աշխարհը երբեք էլ աչքի չի ընկել անսխալականությամբ, բոլորի իրավունքների հավասար պաշտպանվածությամբ, բոլորի համար պարտադիր համակեցության կանոնների անշեղորեն պահպանմամբ։

Բայց հատկապես վերջին տարիների իրադարձություններն էականորեն ամրապնդել են մեջբերածս մտքի ճշմարտացիությունը։ Ավելին՝ փոփոխությունների ու անորոշությունների խելահեղ վազքը հենց այս պահին էլ շարունակվում է՝ ավելացնելով անկանխատեսելիության աստիճանը»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ սա վաղուց արդեն տեսական, գիտական պնդում չէ, այլ տեսանելի և շոշափելի իրականություն, որն ուղղակիորեն ազդում է թե՛ գլոբալ մակարդակում միջազգային հարաբերությունների վրա, թե՛ անհատական մակարդակում՝ մեծաթիվ մարդկային ճակատագրերի վրա:

«Միջազգային իրավունքի նորմերի բացահայտ և անպատիժ ոտնահարումները, խորացող ճգնաժամերը, ընթացող պատերազմները, երբեմն մարդկության դեմ ոճրագործությունները վկայում են երկար տարիներ գոյություն ունեցած աշխարհակարգի և քիչ թե շատ ընդունելի և կենսունակ խաղի կանոնների փաստացի քայքայման մասին»,- նկատեց Միրզոյանը:  

Առկա մարտահրավերների շարքում ՀՀ արտգործնախարարը ընդգծեց նաև ժողովրդավարությանը, դրա արժեքներին և սկզբունքներին սպառնացող վտանգները, ինչպես նաև խիստ անհրաժեշտությունը՝ համատեղ ջանքերով ապացուցել, որ ժողովրդավարությունը կարող է շոշափելի արդյունքներ գրանցել, այդ թվում՝ որպես ճգնաժամերին դիմադրողականության, կայունության և զարգացման առհավատչյա:

Որպես ասվածի վկայություն՝ նախարարը բերեց Հայաստանի օրինակը, երբ ժողովրդավարության ընձեռած մեխանիզմներով, մասնավորապես, ազատ և մրցակցային ընտրություններով 3 տարի առաջ կարողացանք հաղթահարել այն խոր հանրային ճգնաժամը, որում հայտնվել էր մեր հասարակությունը: 

Վերադառնալով աշխարհաքաղաքական համայնապատկերին՝ Միրզոյանը արձանագրեց՝ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմները, ցավոք, այսօր այլևս չեն կարողանում արդյունավետ կերպով հասցեագրել առկա մարտահրավերները, ավելին, չենք կարող խուսափել իրավիճակի վատթարացումից:

Նախարարի խոսքով՝ պատկերի ամբողջական գիտակցումն է, որ ընդգծում է սխալ ընթացքը կասեցնելու, պատկերը փոխելու հրամայականը:

«Եվ ուրեմն, եթե բոլորս գիտակցում ենք, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, և որ այս ընթացքը մեզ բոլորիս տանում է դեպի հերթական անդունդը, որտեղ չեն լինելու երկարաժամկետ շահողներ, ո՞րը պետք է լինի քաղաքակիրթ մարդկության արձագանքը այս իրավիճակում՝ միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը»,- ընդգծեց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր ճշմարտությունների բացահայտմանը և ընդհանուր կանոնների հաստատմանը պետք է հանգել երկխոսելով:

«Երկխոսությունը, ինչու ոչ, կարծիքների բախումը, բանավեճը կարող են հնարավորություն ստեղծել հասնելու ընդհանուր ճշմարտությունների բացահայտմանը և ընդհանուր կանոնների ձևավորմանը: 

Արդյոք երկխոսությունը կարո՞ղ է երաշխավորել հաջողությունը։ Փաստ չէ, բայց փաստ է, որ երկխոսության բացակայությունն էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը: Սա է Հայաստանի մոտեցումն ու հավատամքը՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգման, առնվազն միմյանց հանդուրժելուն, իսկ հնարավորության դեպքում նաև՝ փոխշահավետ կերպով համագործակցելուն:

Հենց այս մոտեցումն ենք հրապարակել՝ մեր տարածաշրջանում ձգտելով տևական խաղաղության: Իսկապես, պետք են կայուն, արդար և արժանապատիվ լուծումներ, ինչը պահանջում է ամուր քաղաքական կամք և հանձնառություն:

ՀՀ-ն, չնայած բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին, ցուցաբերել և ցուցաբերում է այդ կամքը և հանձնառությունը»,- խոսքը եզրափակեց Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը ելույթի վերջում սահուն ընթացք մաղթեց առաջին «Երևանյան երկխոսությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել