ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն մեծ զեկույց է հրապարակել այն մասին, թե ինչպես է Կրեմլը փորձում ազդել արևմտյան երկրներում ընտրությունների վրա, գրում է BILD թերթը։

Ավելի քան 200 էջանոց զեկույցում ներկայացվում է, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները փորձում ազդել արևմտյան երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, ընտրությունների վրա։ Փաստաթղթերը մանրամասն տեղեկություններ են պարունակում ռուսական «Դոպելգանգեր» ապատեղեկատվական արշավի մասին, որը Կրեմլը սկսել է դեռ 2022 թվականին։ «Դոպելգանգեր»-ի շրջանակում ստեղծվում են կեղծ լրատվական կայքեր, որոնք նման են հայտնի լրատվամիջոցների էջերին։ Այսպիսով, նախագծի վրա աշխատող խումբը կրկնօրինակել է BILD և WELT կայքերի դիզայնը և դրանք լցրել ռուսական քարոզչությամբ և կեղծ լուրերով, ինչն իր հերթին ստեղծել է Ռուսաստանի Դաշնության դրական, ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների բացասական պատկերը:

Մասնավորապես, գերմաներենով կեղծ նյութերը նպատակ են ունեցել թուլացնել Գերմանիայի հարաբերություններն իր արևմտյան դաշնակիցների հետ։ Այսպիսով, «Դոպելգանգեր»-ի բազմաթիվ բոտեր, որոնք ներկայացել են որպես ԵՄ քաղաքացիներ, պնդում էին, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան փորձում են Գերմանիային ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ։

Քարոզչական բովանդակությունը մարդկանց որոշակի խմբերին թիրախավորելու համար օգտագործվել է վճարովի նպատակային գովազդ: ՀԴԲ-ի տվյալներով՝ «Դոպելգանգեր» նախագիծն իրականացնում են ռուսական ընկերությունները, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի կառավարության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել