Հռոմում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հանդիպումը։ Ալիևն ու Մելոնին քննարկել են իտալա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, հայտնում են ադբեջանական ԶԼՄ-ները։
Մտքերի լայն փոխանակություն է ծավալվել երկրների միջև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մասնավորապես՝ արդյունաբերական և էներգետիկ, ինչպես նաև հումանիտար և մշակութային ոլորտներում կապերի զարգացման հարցերի շուրջ։
Մելոնին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության համար և ընդգծել Ադրբեջանի դերն այս հարցում։ Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին COP29-ի հրավերի համար և ընդգծել, որ ուրախ կլինի մասնակցել այդ միջոցառմանը։ Մելոնին ասել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել բոլոր անհրաժեշտ աջակցությունը COP29-ի հաջող անցկացման համար։
Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ իտալական Eni S.P.A ընկերության և SOCAR-ի համագործակցության նոր ոլորտներ են վեր հանվել, մտքեր են փոխանակվել երրորդ երկրներում համատեղ նախագծերում այդ ընկերությունների մասնակցության վերաբերյալ։
Հանդիպմանը բարձրացվել է նաև երրորդ երկրներում համատեղ ներդրումային նախագծերին Ադրբեջանի և Իտալիայի մասնակցության հարցը։ Ընդգծվել է Միջին միջանցքի նշանակությունը, քննարկվել են իտալական ընկերությունների կողմից այս միջանցքի հնարավորություններն օգտագործելու հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության իտալա-ադրբեջանական հանձնաժողովի դերին, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի հանձնաժողովի նիստ անցկացնել։ Ալիևը Մելոնիին պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան։ Վերջինս գոհունակությամբ ընդունել է հրավերը։