• Սբ․ Բարթողոմեոս առաքյալի նահատակության ճշգրիտ վայրն անհայտ է․ եթե Պատմահայրը համարում է, որ նա նահատակվել է Հայոց Արեբան-ոս (→Էրեբուն→Երևան?) քաղաքում, ապա բյուզանդական աղբյուրների համաձայն՝ նա նահատակվել է Մեծ Հայքի Ալբանուպոլիս քաղաքում։ Մեր աղբյուրներից նման անունով քաղաք հայտնի չէ, միգուցե և դա Վասպուրականի Աղբակի աղավաղված ձևն է, որտեղ առ օրս կիսափուլ կանգուն է սրբի վանքը։
  • 19-րդ դ․ վերջում, երբ ռուսները հաստատվել էին Բաքվում, շրջանառության մեջ է դրվում մի «ավանդություն» ըստ որի՝ սբ․ Բարթողոմեոսը նահատակվել է հենց Բաքվում։ Աղջկա աշտարակի մոտ կառուցվում է մի մատուռ, իբր հենց նահատակության վայրում։ Մատուռը քանդվել է ի դեպ, 30-ական թվականներին։ Իմ կարծիքով՝ այդ կեղծ ավանդությունը պարզապես շրջանառվել էր՝ հեշտացնելու համար տեղի մուսուլման բնակչության մեջ քրիստոնեության տարածումը։
  • Ի դեպ, այդ «ավանդությունը» առաջացնում է շատ ադրբեջանցիների վրդովմունքը, քանի որ, եթե Ալբանուպոլիսը նույնական է Բաքվին, ապա ստացվում է, որ Բաքուն Մեծ Հայքի տարածքի մեջ է եղել։
  • Կարծեմ 2000-ականներին, բաքվեցի մի ուսանող, որ այսօր արդեն վարդապետ է՝ Ալեքսեյ անունով, Մոսկվայի հոգևոր ճեմարանում պաշտպանում է ավարտաճառ՝ նվիրված Աղվանից Եկեղեցու պատմությանը։ Անմակարդակ, հակագիտական մի գրվածք։ Եվ սակայն, նրան «անցկացնում» են, առարկություններին պատասխանում են, որ «այդպես է պետք»։ Եվ հենց այդ հակագիտական «թեկնածուականն» էլ դառնում է Բաքվի բռնապետության համար պատրաստի «գիտական» հենքը՝ գրավելու ու աղվանացնելու Արցախն ու Սյունիքը։ Ալեքսեյ վարդապետը հետագայում «կատարելագործման» է ուղարկվում Վատիկան, այնտեղ շարունակում է ուսումը։ Հիմա կարծես անհետացել է, Բաքվի թեմի հոգևորական չէ․․․
  • 2003 թ․ Հեյդար Ալիևի հրավերով Բաքու է այցելում տիեզերական պատրիարք Բարթողոմեոսը, որը այնտեղի ռուսական տաճարին է նվիրաբերում առաքյալի մասնատուփը։ Սբ․ Բարթողոմեոսը հռչակվում է Բաքվի պահապան սուրբ։ Բաքվի, որի բնակչության գերակշիռ մասը մուսուլման է։ Պարզ է, որ տիեզերական պատրիարքին և՛ վճարել են, և՛ ճնշել․․․
  • Այս ամենը՝ ներառյալ խայտառակ «թեկնածուականը», առաջ ազատ դրված էր Ռուս Եկեղեցու՝ Ադրբեջանի և Բաքվի թեմի պաշտոնական կայքէջում։ Հիմա այնտեղ շատ բան մաքրված է, իսպառ ջնջված են նաև Բաթողոմեոս պատրիարքի լուսանկարները։
Ի դեպ, ես այդ ամենն ուսումնասիրել եմ դեռ 15 տարի առաջ, և ցավում եմ, որ հայ հասարակությունը լրիվ անտեղյակ է մնացել այսքան ժամանակ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել