«Հրապարակ»-ն այս հարցերն է ուղղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ «Մենք մեր գործունեությունը չենք էլ դադարեցրել, որ նորից սկսենք։ Այն քաղաքական ուժերը, որոնք սատարել են շարժմանը, մինչեւ հիմա էլ շարունակում են սատարել։ Իսկ թե ինչով են տարբերվելու սեպտեմբերին սկսվող գործընթացները, մենք ունենք գործողությունների ծրագիր, որ, կարծում եմ` կունենա հաջողություն։ Ամեն ինչ պիտի անենք, որ այս իշխանություններն օր առաջ հեռացվեն, այլապես, ինչպես Արցախը կործանվեց, այդպես էլ Հայաստանը կկործանվի։ Այս իշխանությունները տեղյակ են եղել Արցախի լուծարման փաստաթղթից, որը ստորագրվել է ժողովրդին փրկելու համար»,- նշեց նա։
Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, ե՛ւ Բագրատ սրբազանը, ե՛ւ Սամվել Շահրամանյանը այցելեցին Եռաբլուր, սակայն՝ տարբեր ժամերի։ Տպավորություն է՝ միմյանց չտեսնելու միտում կար։ Արդյո՞ք Արցախի իշխանությունները, մասնավորապես՝ Սամվել Շահրամանյանը, իրենց աջակցությունը հայտնել են Սրբազան պայքարին, Ձեր կողքի՞ն են՝ հետաքրքրվեցինք Գառնիկ Դանիելյանից։
- Արցախի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, իրենց աջակցությունը հայտնել են, ինչ մնում է Սամվել Շահրամանյանին` չեմ կարող ասել, թող Արցախի նախագահն այդ հարցին պատասխանի։ Բայց Ձեր նշած մարդիկ մի քանի ժամից միասին են լինելու Արցախի ներկայացուցչությունում։
- Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ սահմանազատման գործընթացը կսկսվի այն ժամանակ, երբ հաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Փաստորեն, Փաշինյանը խոստովանեց, որ Տավուշի հատվածում իրականում սահմանազատում չի կատարվել, այլ եղել է չորս գյուղերը վերադարձնելու Բաքվի պահանջը, եւ Հայաստանն այդ պահանջն է կատարել։ Երեկ արդեն կանոնակարգը հաստատվեց։ Ի՞նչ կարող է հետեւել դրան, հնարավո՞ր է, ասենք, ադրբեջանական կողմը հայտարարի, որ սահմանազատման ժամանակ Կիրանցում կառուցված նոր ճանապարհն իրենն է։
- Մենք բազմիցս ասել ենք, որ տեղի չի ունեցել սահմանազատում, այլ միակողմանի զիջում է եղել։ Ալիեւը հնարավոր է բարբաջի, որ ադրբեջանական հողեր կան Տավուշում, եւ պահանջի հանձնել։ Վերին Ոսկեպարի եւ Տիգրանաշենի մասին խոսակցությունները պատահական չեն։ Ադրբեջանական կողմը բազմիցս ասել է այդ մասին։ Հայկական կողմը, բացի Բաքվի պահանջները բավարարելուց, ուրիշ գործիքակազմ չունի։ Մենք հանդիպել ենք Կիրանցի մեր այն հայրենակիցներին, ովքեր հրաժարվել են փոխհատուցումից։ Պարզվում է` նրանց ճնշում են, բռնություն են գործադրում՝ տարբեր ուժային կառույցների աշխատակիցների միջոցով, որ վերցնեն փոխհատուցման գումարները։
Հիշեցնենք, որ կառավարությունը երեկ հրապարակեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը ստորագրվել է օգոստոսի 30-ին։ Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Նշվում է նաեւ՝ եթե հետագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ սկզբունքը կհամապատասխանեցվի համաձայնագրով սահմանված սկզբունքներին: Այսինքն` սողանցք է թողնված եւ տարընթերցումների լայն դաշտ: Նախագիծը ներառված է կառավարության առաջիկա՝ սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել