Hraparak.am-ը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ գորիսեցիները սեպտեմբերի 3-ին հավաքվելու են Գորիսի դատարանի առջեւ՝ ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի։ Գրել էինք, որ սեպտեմբերի 3-ին տեղի կունենա Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։ Գորիսեցիներն անորոշության մեջ են՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում իրենց համայնքում` կազատազրկվի՞ քաղաքապետ Առուշ Առուշանյանը, թե՞ ոչ, պաշտոնաթող կարվի՞, թե՞ կպահպանի աթոռը։

Ամեն ինչ պարզ կլինի սեպտեմբերի 3-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում։ Գործը դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է, ով հիշեցնենք, ժամանակին կալանք քննող դատավորներից էր։ 

Հիշեցնենք, որ ըստ ուժի մեջ մտած դատավճռի՝  Առուշանյանը չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։ Պրոբացիայի ծառայությունը օրերս դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել էին, որ անհնարին է դատարանի պահանջը կատարել, որովհետեւ օրենսդրությունը չի նախատեսում այդ հիմքով համայնքապետի պաշտոնանկություն։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժը ազատազրկմամբ փոխարինելու հայցով։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել