2022թ. կեսից Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 13 հազար ծովային բեռնարկղ, որոնցում կարող էր սպառազինություն լինել։ Այս մասին տեղեկացրել է Newsweek-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի Ռազմական հետախուզության գործակալության զեկույցին։ Հյուսիսային Կորեան «Նաջին» արեւելյան նավահանգստով կարող էր ՌԴ ուղարկել ավելի քան 6 մլն հրետանային արկ, ինչպես նաեւ շարժական զենիթային հրթիռային համալիրներ, հակատանկային հրթիռներ եւ այլ սպառազինություն։
Բեռնարկղերի մոտ կեսը ուղարկվել է ընթացիկ տարվա փետրվարից հետո։ Հարավային Կորեայի ՊՆ տվյալներով՝ մինչ այդ Փհենյանը Մոսկվա է ուղարկել 6,7 հազար բեռնարկղ զենք։ Հարավկորեական հետախուզությունը կարծում է, որ փոխարենը Ռուսաստանը կարող է Հյուսիսային Կորեային տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել հրթիռային եւ արբանյակային ծրագրերում։
Հունիսին Վլադիմիր Պուտինը այցելել է Հյուսիսային Կորեա պատասխան այցով, որի ընթացքում կողմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Փաստաթուղթը փաստացի ենթադրում է ռազմական դաշինքի ստեղծում։ Պայմանագրի համապատասխան՝ Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում միմյանց օգնություն պետք է ցուցաբերեն։ Պուտինը չի բացառել նաեւ Հյուսիսային Կորեայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունը՝ չնայած ՄԱԿ ԱԽ արգելքին։
Դրանից հետո Ռուսաստանը առնվազն չորս չհայտարարված չվերթ է կատարել Հյուսիսային Կորեա։ Flightradar-ի տվյալներով՝ դրանցից երեքը կայացել են հուլիսի 9-ին, 18-ին եւ 25-ին, մեկը՝ ՌՕՈւ Իլ-62М RA-86561 չվերթը, կատարվել է օգոստոսի 4-ին Վլադիվոստոկ-Փհենյան ուղղությամբ։