ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լավ որոշում է կայացրել՝ թույլ տալով Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի արտադրության զենքերը ՌԴ տարածքի խորքին հարվածելու համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին գրում է Reuters-ը:

Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Մակրոնն ասել է, որ Բայդենի վարչակազմի որոշումը պայմանավորված է Ուկրաինայում հյուսիսկորեացի զինվորների ներգրավմամբ՝ հավելելով, որ դա Ռուսաստանի «էսկալացիոն» որոշում է:

«Դա միանգամայն լավ որոշում է, ես հասկանում եմ, որ դրա պատճառ է դարձել նաև այս հակամարտության խորը փոփոխությունը, որը չպետք է թերագնահատվի: Խոսքը եվրոպական հողում ՌԴ-ի կողմից Հյուսիսային Կորեայի զորքերի ներգրավման մասին է», - bfmtv.com-ի փոխանցմամբ՝ ասել է նա լրագրողներին: 

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «միակ տերությունը, որն այսօր սրում է այս հակամարտությունը, Ռուսաստանն է՝ իր կողմից ներգրավելով Հյուսիսային Կորեային»

«Հյուսիսային Կորեան, ինչպես գիտենք, շատ ագրեսիվ տերություն է, որը զբաղվում է միջուկային ծրագրով, հեռահար հրթիռներով: Այսպիսով, սա իրոք բեկումնային կետ է այս պատերազմում, ինչն էլ հանգեցրել է ամերիկացիների այս ընտրությանը»,- պնդել է Մակրոնը:

Երեկ արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր մատակարարած զենքերով հարվածել ՌԴ տարածքի խորքին, սակայն պաշտոնական Վաշինգտոնը տեղեկությունը դեռ չի հաստատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել