Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանման գործընթացը խստացնելու միջոցով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքը մաքուր պահելը միայն մեկ կառույցի, մեկ հիմնարկի, անգամ միայն քաղաքապետարանի անելիքը չէ: Շատ կարևոր են համալիր գործողություններն ու ջանքերը: Յուրաքանչյուր բնակիչ պետք է սրտացավ լինի, մեր քաղաքին վերաբերվի այնպես, ինչպես սեփական տանը, սեփական բակին: Այդ նպատակին հասնելու բոլոր մեթոդներն էլ կարևոր են: Որոշ դեպքերում պետք է սկսել տուգանել մարդկանց աղբը չնախատեսված վայրերում թափելու համար: Այդ ամենը պետք է նպաստի նրան, որ մեր վարքը փոխվի, այդ վարքաբանական կանոնները, նոր մշակույթը կարողանանք ձևավորել մեր քաղաքում»,- նկատեց Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով տուգանքի հարցին՝ նա նշեց, որ դա կիրառվել և կիրառվում է, սակայն այս պահին Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները չեն բավարարում պատժաչափն ամբողջական ծավալով կիրառելու համար: «Բայց այդ ուղղությամբ աշխատում ենք և վստահաբար ունենալու ենք ավելի լավ արդյունքներ: Լավ չի խոսել այդ թեմայով, բայց տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել»,- ասաց Ավինյանը:

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է անհատապես արձանագրել նման անպատասխանատու վարքագծի դրսևորման դեպքերը, իսկ տուգանքը պետք է կանխարգելիչ նպատակ ունենա: «Պարտադիր չէ, որ բոլոր աղտոտողները տուգանվեն: Բավական է լինեն կանխարգելիչ քանակի տուգանքներ և մարդիկ կիմանան, որ այստեղ խնդիր ունեն»,- գտնում է Երևանի քաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել