Hraparak.am-ը գրում է․
Կրեմլի պաշտոնական կայքի համաձայն, տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման հարցեր՝ հաշվի առնելով նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները, որոնք կայացել են նախագահ Պուտինի՝ օրերս Բաքու կատարած պետական այցի ընթացքում։ Ռուսական կողմը վերահաստատել է, որ պատրաստակամ է Հայաստանին եւ Ադրբեջանին հետագայում էլ աջակցել՝ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի իրականացման գործընթացքում, ինչպես նաեւ՝ տրանսպորտային հաղորդակցական կապերի ապաշրջափակման հարցերում։ Երկկողմ օրակարգի վերաբերյալ տեղի ունեցած մտքերի փոխանակման ընթացքում նշվել է առեւտրատնտեսական գործակցության ոլորտում ունեցած դրական դինամիկայի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել շփումները։
Այս հեռախոսազրույցը, կարելի է ասել, սպասելի էր, քանի որ Պուտինը դեռ Բաքվում էր հայտարարել, որ Ալիեւի հետ հանդիպման եւ բանակցությունների արդյունքների մասին խոսելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կրեմլի հաղորդագրությունը համադրելով պաշտոնական Երեւանի՝ նույն հեռախոսազրույցի մասին տարածած հայտարարության հետ, կարող ենք արձանագրել հետեւյալը․
• Ռուսաստանը շարունակում է փորձել պահպանել իր առաջնային դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացում:
• Ռուսաստանը հասկացնում է Երեւանին, որ «զենքը վայր դնող չէ» եւ տարածաշրջանում իր առաջնայնության պահպանման հարցում դեռ ունի հաղթաթղթեր՝ «թեւքի մեջ պահած»։ Այդ մասին է վկայում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցում ռուսական կողմի հնարավոր ցուցաբերվելիք աջակցության պատրաստակամության մասին հիշատակումը Կրեմլի հաղորդագրությունում:
• Ռուսաստանը հասկացնում է Երեւանին, որ Բաքվում Պուտին-Ալիեւ բանակցությունների ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով ձեռք բերված պայմանավորվածություններն իր համար կարեւոր են, որոնք նա մտադիր է առաջ մղել առաջիկայում։ Այս առումով պատահական չէ հիշատակությունը, որ Երեւան-Բաքու հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին խոսելու հիշատակությունն անմիջականորեն զուգորդված է Պուտին-Ալիեւ բանակցությունների մասին հիշատակության հետ։ Ռուսական կողմի տեքստից կարելի է ստանալ տպավորություն, որ Պուտինը ոչ միայն տեղեկացրել է, թե Ալիեւի հետ ինչ է խոսել եւ ինչ հայտարարի է եկել, այլ նաեւ նկատել է, որ այդ ընդհանուր հայտարարի գալու արդյունքում արձանագրվածն իր համար ընդհանուր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «թղթապանակի» մաս է կազմում:
• Դատելով ռուսական կողմի հաղորդագրության տրամաբանությունից եւ հայկական կողմի հաղորդագրությունում տեղ գտած «վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին» արտահայտությունից՝ պաշտոնական Երեւանը շարունակում է առանձնակի հետաքրքրություն չցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, ռուսական հարթակի հանդեպ։ Սա նշանակում է, որ առնվազն Ալիեւը «ջրից չոր է դուրս գալիս» եւ ռուսական միջնորդությունը «քաղաքավարի մերժողի» պատասխանատվության տակ չի մտնում։ Այդ մերժումը գալու է Նիկոլ Վովաեւիչից: