Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը երկրի տարբեր մարզերում խոցվել է ուկրաինական 117 անօդաչու թռչող սարք և չորս «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ։

Գերատեսչությունը հաղորդում է, որ Կուրսկի և Վորոնեժի մարզերում խոցվել է 37-ական ԱԹՍ, մնացած ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Նիժեգորոդի, Վոլգոգրադի, Բրյանսկի, Օռլովի և Ռոստովի մարզերում։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը մարզում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։

Իր Telegram ալիքում Գլադկովը գրել է, որ Շեբեկինոյում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել է գազամատակարարման գիծը։

Բացի այդ, FPV անօդաչուով հարձակման հետևանքով բեռնատար ավտոմեքենայի վարորդը ծանր վիրավորում է ստացել։ Վորոնեժում վնասվել են բնակելի և ոչ բնակելի, կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտներ, տրանսպորտային միջոցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել