Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Շկլովյան շրջան կատարած աշխատանքային ուղեւորության ժամանակ պատմել է օդային տարածքի հետ կապված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան եւ կապված է Ուկրաինայի կողմից երկրի օդային տարածքի խախտման հետ, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։
«Երեկ ժամը 18.10-ին Բելառուսի ՌՕՈւ ուժերը եւ ՀՕՊ զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։ Մեզ մոտ կոչվում է թիվ 1 պատրաստություն։ Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը։ Բանն այն է, որ (մենք կասկածում ենք, որ սա առաջին անգամ չէ) Ուկրաինայի Զինված ուժերը խախտել են վարքի բոլոր կանոնները եւ Բելառուսի Հանրապետության օդային տարածքը։ Արեւելյան ուղղությամբ, մեր անմիջական հարեւանությամբ, Կոստյուկովիչիի շրջանում,- ասել է նա։- Ուստի ՀՕՊ ուժերը բերվել են լիակատար պատրաստության վիճակի թիրախների որսման նպատակով։ Դրանք մոտ տասն էին։ Թռել են ինքնաթիռներ, ուղղաթիռ։ Նաեւ համազարկային կրակի հրթիռային համակարգերն են բերվել մարտական բարձր պատրաստվածության վիճակի»։
«Ժամը 19.04-ին մեկուկես կիլոմետր բարձրությունում եւ 6,5 կիլոմետր հեռավորությունում հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են մի քանի թիրախներ Բելառուսի տարածքում։ Գիշերը եւ այսօր առավոտյան փնտրվում է այն, ինչը ոչնչացվել է։ Մենք կասկածում ենք, որ դրանք հարվածային անօդաչուներ են։ Բելառուսի օդային տարածքը խախտելով՝ թռել են Ուկրաինայից։ Բելառուսի տարածքում մենք ոչնչացրել ենք թիրախները։ Մյուսները հանձնվել են (մենք միասնական ՀՕՊ ունենք Ռուսաստանի հետ) Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ Ռուսաստանի Գլխավոր շտաբի ու այդ ուղղությամբ հրամանատարի տեղեկացմամբ՝ այդ թիրախները խոցվել են Յարոսլավլում։ Առաջին ուղղությունը Սմոլենսկն էր։ Բայց հետո նրանք փոխել են թռիչքի հետագիծը. նրանք, որոնք մնացել են Ռուսաստանում եւ ուղղվել դեպի Յարոսլավլ։ Բայց որսացվել են արդեն ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից եւ ոչնչացվել»,- ասել է Լուկաշենկոն։