Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին` պարզելու, թե որքա՞ն գումար է ծախսվել հուլիսի 27-ին Գյումրիում կազմակեպված «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած Թաթայի մենահամերգի վրա։ Հարցրել էինք նաև, թե ո՞ր ընկերությանն է պատվիրակվել համերգի կազմակերպումը, արդյո՞ք մրցույթ եղել է դրա համար։

ԿԳՄՍՆ-ից ստացված պատասխանից պարզվում է, որ թե Շիրակի մարզում կայացած Թաթայի մենահամերգը, թե առաջիկայում Տավուշի և Վայոց ձորի մարզերում տեղի ունենալիք համերգներն իրականացվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից` վերջինիս և ԿԳՄՍՆ֊ի միջև ս.թ. հունիսի 12-ին կնքված և հուլիսի 19-ին փոփոխված դրամաշնորհային պայմանագրի հենքի վրա։ ԿԳՄՍՆ-ից նշել են, որ Շիրակի մարզի փառատոնը (հետևաբար, նաև Տավուշի և Վայոց ձորի մարզերինը) իրականացվել է առանց մրցույթի` ուղիղ ֆինանսավորմամբ։

Կարճ ասած` ԿԳՄՍՆ-ն պետական միջոցներից Հ1-ին հսկայական գումարներ է բաշխել և ասել` հասարակությանն ինչքան հնարավոր է` «տժժացրու»։

Այժմ տեսնենք, որքան է արժեցել հասարակ հարկատուների վրա այդ «տժժոցներից» առաջինը` Գյումրիում կազմակեպված Թաթայի համերգը։

Բյուջեն ներկայացնում ենք երկու բլոկով, որոնցից մեկը Թաթայի համերգի ծախսային մասն է, երկրորդ ծախսային բլոկը վերաբերում է 3 մարզերում կազմակեպված համերգների վրա կատարված ընդհանուր ծախսերին, որոնք նախատեսվել են նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։ Այս երկրորդ բլոկը, որը վերաբերում է երեք մարզերին միասին վերցրած, կներկայացնենք նաև Իջևանում և Եղեգնաձորում կայանալիք համերգային ծրագրերի ծախսերը ներկայացնելիս։

«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի կազմակերպման ծախսեր։

Բլոկ I

Համերգային նախագիծ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում

Ծախսատեսակների անվանումը

1․ Գեղարվեստա-ստեղծագործական անձնակազմի ծառայություններ

1.1. Երաժշտախմբի և երգչի ապահովման ծախսեր (ներառյալ պարային խումբ, երաժշտախումբ, խմբերի ու գործիքների տեղափոխում, փորձերին մասնակցություն, հյուրանոցային կեցություն ) - 28 մլն 400 հազար դրամ,

1.2. համերգային ծրագրի հաղորդավար (2 հոգի) - 600,000 դրամ,

1.3. DJ ծառայություն (ներառյալ տեղափոխման գծով տրանսպորտային ծախսեր) - 400,000 դրամ,

1.4. պրոդյուսերական հիմնական աշխատանքներ - 400,000 դրամ,

1.5. պրոդյուսերական նախապատրաստական փուլի աշխատանքներ - 400,000 դրամ,

1.6. ադմինիստրատիվ անձնակազմի աշխատանքներ (4 հոգի) - 800,000 դրամ

2․ ԼԵԴ էկրանի, լուսաձայնային սարքավորումների, կոնստրուկցիաների, համերգային բեմի ապահովման, սպասարկման, տեղափոխման, տեխնիկական սպասարկող անձնակազմի կեցության ծառայություններ - 44 մլն 325 հազար դրամ

3․ ԼԵԴ էկրաններին ցուցադրելու համար թեմատիկ կոնտենտի պատրաստում - 750,000 դրամ,

4․ այլ չնախատեսված ծախսեր - 750,000 դրամ,

ԸՆԴԱՄԵՆԸ - 76 մլն 825 հազար դրամ:

Բլոկ II

Ա. ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի առաջխաղացման ծախսեր

1.Գովազդային եւ տպագրական առաջխաղացման կազմակերպման ծառայություններ

1․1. Բիլբերդերի տեղադրում Երևանում և հարակից բանուկ մայրուղիներում, խոշոր մարզկենտրոններում (թվով 2 հատ բիլբորդ Երևանի քաղաքում, թվով 8 հատ` Երևանից դուրս) - 2 մլն 101 հազար 200 դրամ,

1.2․ Երևան քաղաքի կանգառներում սքրոլլերների տեղադրում՝ 9 կանգառ, յուրաքանչյուրում 2 պաստառ - 919,200 դրամ,

1.3․ սքրոլերների տեղադրում Երևանում և Գյումրիում ( Երևանում թվով 4 սքրոլեր միակողմանի, թվով 4 սքրոլեր երկկողմանի, Գյումրիում՝ թվով 10 սքրոլեր) - 1 մլն 428 հազար դրամ,

1.4․ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում լայթբոքս գովազդային պաստառների տպագրություն և տեղադրւմ՝ 2 կայարան, յուրաքանչյուրում թվով 2 պաստառ - 320,000 դրամ,

1.5․ ֆլայերների տպագրություն՝ 3000 հատ - 600,000 դրամ,

1.6․ Ա3 պոստերների տպագրություն՝ 200 հատ - 108,000 դրամ,

1.7․ սոցիալական մեդիայում (facebook, Instagram, ինֆլուենսերների ու առաջխաղացման անձնակազմի վարձատրություն) առաջխաղացման կազմակերպում - 600,000 դրամ,

8․ տպագրական այլ ծառայություններ բեյթ, թելով՝ 500 հատ, ՊՎՔ տոնավաճառի վրանների համար՝ 15 հատ, ՊՎՔ՝ նախատեսված կայանատեղիի համար՝ 10 հատ, հաղորդավարական թղթապանակ՝ 4 հատ, ռոլ ափ՝ 2 հատ - 836,600 դրամ,

Բ. ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի բրենդավորման ծառայություն

1.1. Բրենդավորման աշխատանքներ (բեմի բաներներով ու սև քողարկման համար) ՝ նախատեսված թվով 3 համերգների համար- 7 մլն 600 հազար դրամ։

ԸՆԴԱՄԵՆԸ- 14 մլն 513 հազար։

Իսկ թե այսքան ծախսերի արդյունքում մշակութային ինչպիսի՞ զարթոնք է բերել Ամերիկա թռած, պետական բյուջեի միլիոնավոր դրամների հաշվին Հայաստան խոպան եկած, Հայրենիքի օրհասական օրերին ծպտուն իսկ չհանած մի ռաբիս երգչի մենահամերգը արհեստների ու արվեստների կենտրոն Գյումրիում, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել