Իրականանալուն մոտ է կոմունիստների ՝ անկախության տարիների 20-ամյա երազանքը. Հայաստանն, ի վերջո, անդամագրվելու է Ռուսաստան+Բելառուս միությանը. ռուսամետները կասեին ՝ տուտ եշչշյո ի Ղազախստան եսծ...,,: Շատ ավելի լավ ՝ դեռ իրենց տեսակը պահպանած կոմունիստների, ու նրանց հետագա գործունեության համար: Մի խոսքով, ՀԿԿ Վանաձորի քաղկոմում սեպտեմբերի 19-ին մամլո ասուլիս էր հրավիրվել, ու կոմկուսի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանն առաջին անգամ գոհունակություն հայտնեց ՀՀ իշխանություններից ՝ իրենց արտաքին քաղաքականության համար. ,,25 տարվա ընթացքում սա առաջին լուրջ պայմանագիրն է ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո,,: Իսկ ի՞նչ է տալու այդ միությունը բազմաչարչար հայ ժողովրդին: Ղուկասյանը համոզված է, որ գազը կրկին էժանանալու է / Իսկ ՀՀ էներգետիկայի նախարարն օրերս հայտնել էր, որ գազը չի էժանանա, թեպետ, ո՞վ գիտե, Շավարշ Քոչարյանն էլ պնդել էր, թե մաքսային միության մեջ մտնելը բացառվում է -Գ.Հ. /: Ղուկասյանը համոզված է նաեւ, թե գներն իջնելու են: Իմ հարցին, թե վիզային ռեժիմը կվերանա՞, կրկին դրական պատասխանեց: Ավելին, համոզված է նաեւ, թե երկաթուղին են բացելու, իսկ որ մինչ օրս չեն բացել, ապա ՝ ի հեճուկս Եվրամիության, որ ,,ինչ այլանդակություն ասես չբերեց Հայաստան,,: Ա. Ղուկասյանը նկատել է, որ մաքսային միությանը Հայաստանին միավորելու առնչությամբ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, մի փոքր լավատեսորեն են վերաբերվում առաջիկային...: ,,Եթե հայ ժողովուրդն այդքան ռուսամետ է, ինչու՞ կոմունիստները խորհրդարանական ընտրություններին պարտություն կրեցին,, / այն էլ ՝ 2 անգամ /, - իմ հարցին Ղուկասյանը հարցով պատասխանեց.,,Իսկ Հայաստանում ընտրություններ եղե՞լ են,,- ու պատճառաբանեց, որ արդար ընտրությունների դեպքում կոմունիստներն անպայման համապատասխան ձայներ կհավաքեին: ,,Հիմա մաքսային միությանն անդամագրվելուց հետո կոմունիստները կմտնե՞ն խորհրդարան ,, հարցիս էլ դրական պատասխանեց ՝ վերապահումով. ,,Եթե արդար ընտրություններ լինեն,,: ,,Չլիներ Ռուսաստանը, չլինեին ռուսական ռազմաբազաները, Թուրքիան 1 օր անգամ չէր սպասի...Ամենակարեւորը հայ ժողովրդի անվտանգությունն է,,-այս կարծիքն ընդունելի է ՝ ելնելով պատմական հանրահայտ ճշմարտությունից: Բայց ինչպես՞ նայել այն փաստին, որ հայկական բանակում ավելի շատ տուժում են ,,ներքին,, թնամուց, քան ՝ արտաքին: Ասվածի ապացույցները բանակում պարբերաբար տեղի ունեցող դժբախտ դեպքերը, ինքնասպանություններն ու այդ վարկածով սպանություններն են: Իսկ դրա դեմ ոչ մաքսային միությունը կարող է պայքարել, ոչ ՝ Եվրամիությունը: Առջեւում անկախության 22-ամյակն է, եւ Ղուկասյանը, ինչպես նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ, զարմանք հայտնեց, թե ինչու՞ են ասում ,,անկախության զոհերի հիշատակին,, փոխանակ ասեն ՝ ,,Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին,,: ,,Անկախությունը մատուցել են մեզ, անկախության համար մենք զոհ չենք տվել,,- համոզված է բանախոսը, որ անկախության միակ զոհը համարում է Պարույր Հայրիկյանին: Այն, որ նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասը չեն անդամագրվել մաքսային միությանը, պատճառաբանեց նրանց տերիտորիալ շահեկան դիրքով, ինչը բացակայում է Հայաստանի պարագայում.,,Մենք ոչ Լատվիան ենք, ոչ Լիտվան, ոչ էլ Էստոնիան, ծով չունենք, շրջապատված ենք ոչ բարեկամ պետություններով,,: Մոտ մեկ ժամ տեւած ասուլիսը , ճիշտ է, նախկին ասուլիսների նման բուռն ակտիվությամբ ու քննարկումներով աչքի չէր ընկնում, սակայն հատկանշական պահեր ուներ: 80-ամյա կոմունիստ Մկրտիչ Հակոբջանյանը նորաթուխ լրագրողուհիներին դիմում էր ,,բալիկո,, փաղաքշական կոչումով, իսկ լրագրողուհիներից մեկը, որ, թերեւս, առաջին անգամ էր կոմկուսի ասուլիսին մասնակցում, ասուլիսի վերջում անսպասելիորեն հարցրեց Ղուկասյանին.,,Ձեզ ինչպե՞ս ներկայացնենք,,/ թեպետ, Ղուկասյանը 15 տարուց ավելի է ՝ քաղաքականության մեջ է, երկու անգամ առաջադրվել է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, ակտիվորեն մասնակցել հեռուստատեսային բանավեճերի, թոք-շոուների, եւ քոչարյանական ,,ռեակցիայի,, տարիներին մեկ անգամ նույնիսկ ձերբակալվել մի քանի ժամով ՝ մայրաքաղաք ընդդիմության հանրահավաքի ուղեւորվելիս /: Ինչպես միշտ, կոմկուսի տարածքի մի մասը, որ 2004թ.օրինական որոշումով ,,փախցրել,, է Վանաձորի պատգամավորներից մեկը, դեռ քարուքանդ վիճակում էր: Նշենք, որ այդ քարուքանդ վիճակին անդրադարձել ենք դեռեւս 2004 թ. ՝ ,,Չորրորդ իշխանություն,, թերթի 18.06.2004թ. ,,Տարածքից չզրկեցին, իսկ արտաքնոցից ՝ միգուցե...,, հոդվածում: Փաստորեն, 9 տարի անց նույն վիճակն է. կոմկուսին զրկել են տարածքի մի մասից ու արտաքնոցից ու այդպես էլ թողել: Մնում է հարցնել.,,Էդ տարածքը փախցրել եք կոմկուսից, որ ի՞նչ անեք,,: Տեսնես Ռուսաստան+Բելառուս+Հայաստան ,,եշչյո ի Ղազախստան,, միությունը կնպաստի՞ կոմկուսի գրասենյակի ամբողջական վերականգնմանը:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/09/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել