168.am-ը գրում է․
Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հայկական կողմը իրականացնում է բուսասանիտարիայի խստացված վերահսկողություն՝ չթույլատրելով մրգի կամ բանջարեղենի արտահանումը։
Անհատ արտահանողներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդատներին, ինչո՞ւ է իրացվում հայկական շուկայում, ինչո՞ւ են հիշում լաբորատոր փորձաքննության մասին միայն արտաքին շուկա արտահանելու պարագայում։
Այս ամենի հետևանքով, բեռնատարները օրեր շարունակ կանգ են առնում Բագրատաշենի անցակետում, փչանում է հարյուրավոր տոննաների հասնող միրգն ու բանջարեղենը, ծանր դրության մեջ է հայտնվում առանց այդ էլ վարկերի տակ կքած գյուղացին։
Հարցի կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել ՍԱՏՄ՝ պահանջելով պարզաբանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-գրել է Դանիելյանը։