Armenpress.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր գործոն հանդիսացող այս քայլը մեկնարկում է ԵՄ արտգործնախարարների հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմամբ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստանի իշխանություններն էական բարեփոխումներ պետք է իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանի, միգրացիայի և ապաստան խնդրելու կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների հարցերը:
Վիզաների ազատականացման երկխոսությունը վարելու հիմնական գործիքը լինելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին: Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցության միջոցով, որպեսզի գործընթացը վերահսկվի և համապատասխանի պահանջված բոլոր չափանիշներին։
Միայն այդ դեպքում կկայացվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ վերջնական որոշումը։