Կառավարությունը հուլիսի 4-ի նիստի ընթացքում հաստատել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունները:

«Որպես առանձին թիրախ՝ ռազմավարությունում սահմանված էին լողով զբաղվելու հնարավորության ստեղծումը և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ մարզերում արդեն իսկ ունենք գործող մասնավոր լողավազաններ, որոնք ստեղծում են համագործակցության հնարավորություններ: Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով՝ հատկացնելով համապատասխան ֆինանսավորում: Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը, ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին համապատասխանող լողավազաններ ունեցող կազմակերպությունները: Բավականին մեծ աշխատանք ենք արել, այդ թվում՝ այցելել մարզեր, որպեսզի համոզվենք, որ իսկապես բավարար պայմաններ կան: Այս պահի դրությամբ կա վերոնշյալ պահանջներին բավարարող մինչև 9 լողավազան, որոնք կարող են մասնակցել մրցույթին, այդ թվում՝ Կապանում, Էջմիածնում, Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում»,- նշել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի արդյունքում ամեն տարի լող մարզաձևով զբաղվելու հնարավորություն կստանա յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 8-12 և 13-17 տարեկանները: Հաշվի առնելով պարապմունքների արդյունավետության պահանջը՝ 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 է, իսկ 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կերաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից: Շահառուների թիվը կկազմի շուրջ 200 երեխա:

«Շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող դպրոցականները: Դիմումների ընդունումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, իսկ շահառուների ընդգրկումը՝ ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, կընդգրկվեն սպասման խմբում: Կիրականացվի ծրագրի մոնիթորինգ. մեկ տարվա ընթացքում լողի երրորդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու կամ բացակայությունների պարագայում տվյալ երեխան դուրս կգա ծրագրից՝ փոխարենը խումբը կհամալրվի սպասման խմբում ընդգրկված երեխաներից: Նախատեսվում է առանձին աշխատանք այն երեխաների հետ, որոնք լավ արդյունք կունենան և կարող են նաև պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: Մրցույթին դիմելու նախապայման է այս ուղղությամբ որակավորված մարզիչ-մանկավարժների առկայությունը: Մեկ աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար, որը հաշվարկել է՝ հաշվի առնելով գնահարցումների արդյունքում հաշվարկված միջին գործող գները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել