Այստեղ մենք իմացանք, որ Հայաստանը դժվարին հարեւանության մեջ է գտնվում. Մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի ԱԺ-ում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում նշեց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը:

«ԱՄՆ-ում Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը եւ Հյուսիսային Կորենա ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որոնք փորձում են ազատ շնչել եւ ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել: Այդ երկրներից երկուսն այստեղ շատ մոտ են: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում մեծ ներգրավածություն ունի, Իրանն անմիջական հարևանությամբ է գտնվում: Երևի նրանք չէին ցանկանա տեսնել ազատություններ, ժողովրդավարություն, առաջընթաց այդ ուղղությամբ, որոնք ունեցել են մեր հայ բարեկամները»,-ասաց նա:

Սենատորը շնորհավորեց Հայաստանի Սահմանադրության օրվա առիթով:

Նա մեջբերեց Թոմաս Փեյնի խոսքերը, որ ժողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել: «Պատմությունը դա մեզ քանիցս ցույց է տվել: Այսօր էլ տեսնում ենք դա: Աշխարհում, նաև այս տարածաշրջանում կան այն ուժերը, որոնք փորձում են ի չիք դարձնել ժողովրդավարությունը, ազատությունները: Եվ Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն ու հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար:

Եվ հիմա՝առավել քան երբևէ հստակ է, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուզում են, որ այն ամբողջականացվի և ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, վերջին պատերազմի ռազմագերիներն ազատ արձակվեն»,–ասաց Ուիքերը:

ԱՄՆ պատվիրակությանը նաև փոխանցել են Հայաստանի ղեկավարության՝  սահմանները բացելու ցանկությունը, որ լինի մարդկանց ազատ տեղաշարժ հարևան Թուրքիայից, նաև խթանվի տնտեսությունը Հայաստանում: Սենատորը վստահեցրեց՝ իրենք Հայաստանի կողքին են այդ հարցում:

«Ուզում եմ մեր Ադրբեջանի գործընկերներին և ԵԱՀԿ մյուս անդամներին մի խոսք ուղղել՝ զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ: Ուզում եմ խորհուրդ տալ, որ Ադրբեջանում մեր բարեկամները փորձեն հասկանալ ազատության գինը, ազատության արժեքը: Եվ մենք քանիցս դա տեսել ենք, այս զգուշացումը ես ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, որոնք Ադրբեջանում են, զգուշացեք, որ «ռուսական մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,–ասաց նա:

Նշենք, որ Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության կազմում են Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել