Մեր պաշտոնյաները ոչ միայն պետությունից չարդարացված բարձր աշխատավարձեր են ստանում՝ դրա դիմաց ոչինչ չվերադարձնելով մեր երկրին, այլեւ չեն բավարարվում այդ աստղաբաշխական վարձատրություններով, որը ոչ մի պարագայում չէին կարող ստանալ, եթե չլիներ 2018 թվականի իշխանափոխությունը, ու անփորձների այս խմբակը փողոցից եկած չլիներ իշխանության։ Ամենակարեւորը` նրանք պետության ու հարկատուների վճարած հարկերի հաշվին աշխարհն են շրջում։ Նրանցից որոշ խորամանկներն անգամ կարողանում են համաշխարհային իրադարձություններին մասնակից դառնալ՝ պետության հաշվին։ 

Հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 14-ը Գերմանիայում ընթանում է Եվրո-24-ը՝ Եվրոպայի աշխարհի ֆուտբոլի առաջնությունը, եւ ողջ աշխարհի ֆուտբոլասերները, գամված էկրանների մոտ, հետեւում են այդ խաղերին: Իսկ ավելի երջանիկներին բախտ է վիճակվում ստադիոնում հետեւել: Ցանկացած ֆուտբոլասերի համար մեծ երազանք է՝ այդ օրերին լինել առաջնության երկրում։ Հասկանալի է, որ ինչ-որ քանակի մարդիկ Գերմանիա են մեկնում իրենց հաշվին, իսկ հայ որոշ պաշտոնյաներ՝ պետության հաշվին։ 

Ողջ տարին արտերկրում շրջագայող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, միանգամայն «պատահաբար», հենց այս օրերին գործուղման է մեկնել Գերմանիա: Նրա ղեկավարած պատվիրակությունը հունիսի 18-22-ը մեկնել է ճիշտ այն քաղաքները, որտեղ ընթանում են Եվրոպայի առաջնության խաղերը` Մյունխեն, Բեռլին, Լայպցիգ: Ճիշտ է` խաղերի աշխարհագրությունն ավելի մեծ է` Գերմանիայի 10 քաղաք է այն ընդգրկում՝ Բեռլին, Մյունխեն, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Քյոլն, Լայպցիգ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Գելզենկիրխեն եւ Շտուտգարտ, բայց կարեւոր խաղերը հենց վերը նշված երեք քաղաքներում են կայանում։ Նրան, դարձյալ «պատահաբար», ուղեկցում են ֆուտբոլի երկու սիրահարներ` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: 

Խիստ «պատահաբար»՝ այս օրերին Գերմանիայում էր նաեւ տիկին Ժաննայի ամուսինը` Պետրոս Ղազարյանը, ով նույնպես ֆուտբոլի մեծ սիրահար է եւ նույնպես պետական բյուջեից մեծ աշխատավարձ է ստանում, բայց նա գոնե իր աշխատավարձով է մեկնում ֆուտբոլի առաջնությունները դիտելու, այլ ոչ թե գործուղման միջոցներով: Բնականաբար, Ժաննա Անդրեասյանի եւ Սարգիս Հայոցյանի ծախսերը հոգացել է ԿԳՄՍ նախարարությունը, իսկ Սիսակ Գաբրիելյանին գործուղել է ԱԺ նախագահը` հատուկ հրամանով. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով 2024 թվականի հունիսի 18-ին Մյունխեն, հունիսի 19-21-ը՝ Բեռլին, իսկ հունիսի 22-ին՝ Լայպցիգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը...»:

Իհարկե, ԿԳՄՍ նախարարն այս 5-օրյա այցը համատեղել է նաեւ որոշ հանդիպումների հետ: Օրինակ, հանդիպել է Լայպցիգի քաղաքապետի հետ, քննարկել է «Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը»: Կամ` Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ Արմենուհի Դրոստ Աբգարյանի հետ է հանդիպել, քննարկել «հայագիտության զարգացման հարցեր»: ԳԴՀ կրթության եւ հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի հետ էլ քննարկել է «առաջիկայում Երեւանում կայանալիք Հայաստան-Գերմանիա «Գիտության օր» միջոցառման անցկացումը»: «Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին է փոխանցել ՀՀ կառավարության հաշվետվությունը Լոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակի գնահատման վերաբերյալ»: Գերմանիայում նախարարը հանդիպել է նաեւ «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել բուհական շրջանակների հետ` 2030 թվականին կայանալիք ակադեմիական քաղաքի հետ կապված: Մի խոսքով, անիմաստ, ոչ կարեւոր գործեր, որոնց համար չարժեր 5 օրով ու այդքան ծախսեր անելով մեկնել Գերմանիա, եթե, իհարկե, գլխավոր նպատակը ֆուտբոլ դիտելը չէր: Կարծես թե Գերմանիայում մենք դեսպանություն չունենք, եւ դեսպանատան աշխատակիցները չեն կարող նման մանր հարցերը կարգավորել` իրենց մեծ աշխատակազմով եւ Զարեհ Սինանյանի նշանակած հանձնակատարների օգնությամբ:

Ի դեպ, մի «պատահական զուգադիպություն» էլ կա այս ամենում. Գերմանիայում է ուսումը ստանում Ժաննա Անդրեասյանի եւ Պետրոս Ղազարյանի որդին: Այնպես որ, հաճելին հաճելիի հետ զուգակցելն այս մարդկանց մոտ լավ է ստացվում:

Արեգ Մարգարյան  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել