168.am-ը գրում է․

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում բնակիչների համար գրեթե անհնարին դարձավ սեփական հողը մշակելը. դրանք հայտնվել էին թշնամու դիտարկման տակ։ Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զինուժն այս մարզերում հետ քաշեց իր դիրքերը, և  հանձնեցին թշնամուն, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վիճակն ավելի վատթարացավ, քանի որ նրանց մշակովի հողատարածքների ու արոտավայրերի մեծ մասը պարզապես  թշնամու հսկողության տակ էին։

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում պատերազմից հետո կյանքը շատ է  դժվարացել, մարդիկ զրկվել են անասնապահությամբ և գյուղատնտեսական աշխատանքով ապրուստի  միջոցից։ Մինչդեռ, 2020 թվականի պատերազմից առաջ  այնքան շատ էին ցորեն ու կարտոֆիլ մշակում, որ նույնիսկ արտահանում էին։ Այսօր անգամ սեփական կարիքները հոգալ  չեն կարողանում։

168.am հետ զրույցում Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ այս տարի էլ գյուղատնտեսական աշխատանքները կիսով չափ են արել՝ 20-30 տոկոսի չափով։

«Մեր հողերի մեծ մասը թշնամու հսկողության տակ է, չենք կարողանում մշակել։ Օրինակ, ցորեն չենք կարողացել ցանել, որովհետև մեխանիզատորը վախենում է  դաշտ դուրս գալ, ի՞նչ իմանանք, որ պահին թշնամին կկրակի։ Հո մենք պայմանագիր չունե՞նք կնքած թշնամու հետ, թե որ ժամանակ չպետք է կրակի, անկանխատեսելի է, ցանկացած պահի կարող է կրակել, տեսանք՝ տեխնիկան մտավ դաշտ, կրակեն, դրա պատասխանն ո՞վ է  տալու։ Սա է պատճառը, որ վար ու ցանքս չենք արել։ Այս 20-30 տոկոսն էլ մի կերպ ենք մշակել, թեթևակի գարի ենք ցանել»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ կորցրել են իրենց ապրուստի միջոցը, մեկը կարտոֆիլ էր մշակում վաճառում, մյուսը՝ ցորեն, բնակիչների մի մասն էլ անասուն էր պահում, կաթը վաճառում, բայց հիմա ամեն ինչից զրկվել են։

«Հիմա ամեն մեկը մի ճար տեսել է ու իր հացն է վաստակում, շատ դժվարությամբ։ Դե, ինչպես ասում են՝ հայ ենք, մի տեղից մի բան ստեղծում՝ ապրում ենք։ Ես էլ ժամանակին մեծ հողատարածք էի մշակում, հիմա ես էլ չեմ կարողանում մշակել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Տավուշից հետո սահմանագծման հաջորդ աշխատանքները տեղի են ունենալու Սյունիքում, Գեղարքունիքում, Արտյոմ Երանոսյանն ասաց, որ դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

«Մեզ որևէ բան չեն ասել դրա մասին, բայց մենք մեծ հույս ունենք, որ նրանք մեր  հողերից դուրս կգան»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել