Հեղինակավոր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել նրա վերաբերյալ, թե ինչու «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան (ազգությամբ ռուս-Խմբ.) չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։

Հայտարարության համաձայն՝  մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս Տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները: Դրանց համաձայն՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:

«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին:  Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ Կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», - ասվում է հայտարարության մեջ:

Մրցույթի կազմակերպիչները հայաստանյան գործընկերներին կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին ընտանեկան հարցերի պատճառով:

«Ցավոք պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթի հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեխիկո մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին: Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել և յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու: Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան ստիպված էր դժվարին որոշում կայացնել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից: Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթն այս տարի անցկացվել էր Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլիա Պավլիկովան: Ոլորտի հայ մասնագետներն ավելի վաղ իրենց դժգոհությունն էին հայտնել առ այն, որ մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ ազգությամբ ոչ հայ մասնակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել