Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն արդարացնում են ոստիկանության վայրագությունները՝ անունը դնելով պետականության պաշտպանությանն ուղղված գործողություններ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրելու իրավունք ունի «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դեպքերում ու կարգով, բայց դրանց ընտրությունն ու կիրառումը կախված են իրավիճակից, իրավախախտման բնույթից։ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իրավախախտներ չէին, ՀՀ քաղաքացիներ էին, որոնք դուրս էին եկել խաղաղ հավաքի, ինչպես Փաշինյանը կասեր՝ «իրացնելու իրենց իշխանությունը»։

Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների ուղղությամբ 20-ից ավելի «Զարյա» լուսաձայնային նռնակ ու ձեռքի ծխանռնակ ՌԳԵ 60 ՍԴ հատուկ միջոց է կիրառել։ Վերջինը, ըստ որոշ մասնագետների, ժամկետանց է եղել, սակայն դուրս չի գրվել: Սրբազան պայքարի նախորդ օրերին արդեն իսկ ակնհայտ էր ցուցարարների նկատմամբ ոստիկանների ագրեսիան, իսկ այդ օրն անձամբ Փաշինյանից ստացած «դաբրոն» ոստիկանները որպես հատուկ միջոց կիրառելու հրահանգ դիտեցին։ Այդ դեպքերի քրոնիկոնն ու տեսագրությունները ցույց են տալիս, որ ցուցարարների դեմ հատուկ միջոցները կիրառվել են «Ոստիկանության մասին» օրենքի խախտումներով։ Նախ, հատուկ միջոց կիրառելուց առաջ պարտավոր են նախազգուշացնել մարդկանց՝ բավարար ժամանակ տրամադրելով իրենց «օրինական պահանջները կատարելու համար»։ Նախազգուշացումը ձեւական է եղել՝ լսելի միայն առաջին շարքերում։ Ոստիկանությունը նաեւ պարտավոր է ամեն ինչ անել պատճառվող վնասը նվազագույնի հասցնելու համար, մինչդեռ պարզ երեւում է, թե ինչպես են հատուկ թիրախավորում տուժածներին օգնություն ցուցաբերողներին։ Օրենքն ասում է, որ ոստիկանները պետք է նաեւ մարմնական վնասվածք ստացածներին առաջին բուժօգնություն ցուցաբերեն եւ այլն։

Հատուկ միջոցներն էլ պարտավոր են կիրառել առողջապահության նախարարի 2012 թ. 90-Ն հրամանով սահմանված չափանիշներով. «Զարյա» լուսաձայնային նռնակ կարելի է կիրառել միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա, ինչը չի պահպանվել, դրա հետեւանքով 101 քաղաքացի մարմնական վնասվածք է ստացել, մի մասը՝ ծանր։ Խախտվել է նաեւ արգելքը՝ հատուկ միջոց չկիրառել հղի կանանց, անչափահասների նկատմամբ: Սիրահարների այգում, որտեղ առաջին նռնակն է պայթել, կանայք ու մանկասայլակով երեխաներ կային։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ ոստիկանությունը ոչ թե օբյեկտիվ անհրաժեշտությունից բխող գործողություններ, այլ պատժիչ օպերացիա է իրականացրել։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը (հայտնի լեզվաբանի թոռը), ով տարբեր տարիների խաղաղ հավաքների` ոստիկանության գործողությունների մոնիթորինգ է իրականացրել, ասում է՝ անգամ մինչեւ լուսաձայնային նռնակների նորմերին հասնելը, պետք է հասկանալ՝ արդյո՞ք հենց այդ տեսակի միջոց կիրառելու անհրաժեշտությունը կար։ Ոստիկանությունն ավելի «փափուկ» հատուկ միջոցներ ունի, որոնք կարելի էր կիրառել, եթե նպատակը ցուցարարներին զգաստացնելն էր։ «Օրինակ, ջրցան մեքենան, որը տեղում բերված էր, նույն խնդիրը կարո՞ղ էր լուծել, թե՞ ոչ, եթե նպատակը ցուցարարներին մի կետից հեռացնելն էր։ Ոստիկանությունը միանգամից սկսում է կիրառել լուսաձայնային նռնակներ, որոնք շատ վտանգավոր են, եւ ոչ մի անգամ դրանց կիրառման նորմատիվները չեն պահպանվել... Գլխավոր հարցն այն է, թե հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոց կիրառելն ինչ նպատակ պետք է հետապնդի։ Եթե նպատակն այն էր, որ ցուցարարները հեռացվեին Սիրահարների այգուց, ապա հատուկ միջոցի կիրառումից հետո նրանք այնտեղ կանգնած էին, այսինքն՝ դա ոչ մի ազդեցություն չունեցավ։ Մյուսը․ մենք տեսագրություններն էինք ուսումնասիրում՝ տարբեր ռակուրսներից, լուսաձայնային նռնակ կիրառելուց առաջ գործողություններ էին իրականացնում կարմիր բերետավորները, որոնց եւ ցուցարարների հարաբերությունների հավելյալ լարվածությունը հայտնի է՝ անպատժելիության ու բռնությունների պատճառով, եւ տեսագրություններում երեւում էր, որ ոստիկանության մյուս բաժինների ծառայողները փորձում էին բերետավորներին հետ կանչել, ու երբ հետ քաշվեցին, դարպասները փակվեցին, մարդիկ մնացին այգում։ Ընդհանրապես, հատուկ միջոց կիրառելու անհրաժեշտություն չկար, բայց նետվեցին լուսաձայնային նռնակները»։

Ըստ Իշխանյանի՝ լարվածությունը թուլացնելու շատ ավելի էֆեկտիվ ու անվնաս միջոցներ կան, օրինակ, փշալարերը. «Եթե նայենք 2018 թ․ ապրիլի 16-ի հավաքը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ճեղքեն ոստիկանության շարքերը եւ մյուս պատգամավորների հետ գնան իրենց աշխատավայր, չխորանանք, թե որն էր նպատակը, բայց այդ ժամանակ էլ ցուցարարներն ընդհարման մեջ մտան ոստիկանության հետ... առանձին ցուցարարներ առարկաներ էին նետում, ցանկապատներ կոտրում, վահաններ խլում։ Ոստիկանությունը վերադասավորվեց եւ փշալարեր անցկացրեց։ Այսինքն՝ առաջին միջոցը ոստիկանական շղթան է, եթե դա էֆեկտիվ չէ, մյուս տարբերակն է կիրառվում, եւ դրանից հետո միայն, երբ ցուցարարները փորձեցին հաղթահարել փշալարերը, կիրառվեցին նռնակներ, ընդ որում՝ ընդամենը 4-ը։ Այդ նռնակների համար դատապարտված անձինք կան, այսինքն՝ դատարանները գտել են, որ դա իրավաչափ չէր, իսկ երեկ կիրառվեց 20-ից ավելի նռնակ՝ ուղիղ թիրախավորելով մարդկանց»: 

«Նռնակի իմաստը հավաքի իրավիճակ փոխելը չէր, այլ մարդկանց պատժելը՝ հասկանալով, թե դա ինչ ազդեցություն է թողնում։ Այնտեղ կային կանայք, երեխաներ, տարեց մարդիկ։ Տեսագրությունում երեւում է, թե որտեղից էին նետում, եւ այնտեղից չէին կարող տեսնել, թե ով որտեղ է գտնվում: Այսինքն, նպատակն էր՝ նետենք, թող պայթի, պատժիչ ազդեցություն ունենա։ Շատ հստակ երեւում է, որ մի քանի դրվագում ուղղակի նռնակը նետում են մարդկանց վրա եւ ոչ միայն նռնակներ, այլեւ պլաստիկ շշեր: Ոստիկանության կողմից լարվածությունը թուլացնելու նպատակ ընդհանրապես չկար, հակառակը` կար՝ ավելի լարենք, տեսնենք ինչ կլինի»,- ասում է Իշխանյանը։

Նա ուղիղ կապ է տեսնում ոստիկանների գործողությունների եւ իշխանության հայտարարությունների միջեւ։ «Ոչ միայն երեկվա հայտարարության, այլեւ երկար տարիներ ոստիկանական բռնությունների խրախուսումների, պարգեւատրումների, առաջխաղացումների... բռնություն կիրառած ոստիկանների` պատժի բացառության պայմաններում, ամեն մյուս քայլով ոստիկանությունն էլ ավելի է խրախուսվում, որ էլ ավելի կոպիտ լինեն բռնությունները, էլ ավելի հաշվետվողական չլինի հատուկ միջոցների կիրառումը։ Դրանից անմիջապես հետո ոստիկանապետը մշտապես հայտարարել է, որ ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում, մինչդեռ այդ ընթացքում նման քննություն ուղղակի հնարավոր չէր անել»,- նշում է Իշխանյանը։

Մի հանգամանք էլ. բոլոր մարզերի ոստիկաններին կենտրոնացրել էին Երեւանում, այն դեպքում, երբ իշխանությունը շարժումը համարում էր «մարող»։ Եթե դա մարողն է, ուրեմն ի՞նչ կլինի, եթե չմարող շարժում լինի։ «Բոլոր մարզերից ոստիկաններ կային, այստեղ 2 խնդիր կա՝ ռեսուրսների ահռելի ծախսը, եւ երկրորդը՝ ցույցերի վարչարարության մեջ առավել հմուտ է Երեւանի ոստիկանությունը, մինչդեռ առաջին շարքերում կանգնած էին մարզերից բերված ոստիկանները, որոնք երկար ժամանակ մահակ կամ վահան չէին էլ տեսել»,- ասում է Ռաֆայել Իշխանյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել