Tert.am-ը գրում է.

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։

«Բագրատ Գալստանյանը այսօր կազմակերպել է հարձակում Ազգային ժողովի վրա և նրա հետ հանցակցել է խորհրդարանական ընդդիմությունը: Ազգային ժողովի վրա հարձակում էր տեղի ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ խառնամբոխը փորձեց սպանել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Բագրատ Գալստանյանը ցանկանում էր այսօր Ազգային ժողովում անել նույնը` ինչ արել են իրենք նոյեմբերի 9-ին:

Հիմա, Բագրատ Գալստանյանը կոչ է անում գտնել վարչապետին և հաշվեհարդար տեսնել նրա հետ: Նույնը նրանք փորձում էին անել 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

Այսօր Բագրատ Գալստանյանը և խորհրդարանական ընդդիմությունը փորձել են կազմակերպել 2-րդ նոյեմբերի 9-ը` փորձելով իրագործել սարսափելի ահաբեկչության ակտ և վերջ տալ Հայաստանի պետականությանը:

Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունը, պետության զավթման փորձը, նոր հոկտեմբերի 27-ը:

Այսօր և այսուհետ Խորհդարանական մեծամասնությունն ու մեր քաղաքական թիմը` Վարչապետի գլխավորությամբ, պաշտպանում և պաշտպանելու է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ցանկացած հարձակումից:

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանի ինքն իրեն:

Ժողովրդի իշխանությունը մնալու է անառիկ:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե´ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել