Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ այն գեներալներին, որոնք 2018-2019 թվականներին իր ներկայությամբ հայրենասիրական կենացներ էին խմում՝ նրանց անվանելով վախկոտ դասալիքներ։

«2020 թվականից հետո ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել ԼՂ-ին։ Այն մարդիկ ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում, ասելով, որ ԼՂ-ի ժողովուրդը հերոսական մինչև վերջ կանգնելու է և մենք էլ նրանց հետ ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք», - նշեց Փաշինյանը, ապա դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, հավելեց, - «Պարո՛ն Մանուկյան, ձեր նշած գեներալները 2018-2019-ին այնպիսի հայրենասիրական կենացներ էին խմում իմ ներկայությամբ։ Գլուխները պատին են տվել, վախկոտ դասալիքներ են։ Նրանք պիտի հայտնվեն բանտերում և երկար տարիներ անցկացնեն այնտեղ»։

Այս հայտարարություններից անմիջապես հետո Փաշինյանը հեռացավ ամբիոնի մոտից, իսկ ԱԺ-ում կրքերը թեժացան, ընդդիմության և իշխանության միջև մեղադրանքներ հնչեցին, պատգամավորները սկսեցին հայհոյել միմյանց, վիճել, ոմանք նույնիսկ փոխադարձ հարվածներ հասցրին միմյանց։ ԱԺ նախագահը բազմիցս հանդարտվելու և վեճը դադարեցնելու կոչեր արեց, սակայն ի վերջո, չկարողանալով հանդարտեցնել իրավիճակը, ընդմիջում հայտարարեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել