Հայտարարության մեջ ասված է. «Ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները»:
Կիրանցում այժմ էլ իրավիճակը բավականին լարված է, կիրանցեցիները վստահ են, որ ադրբեջանցիները հասնելու են մինչեւ գյուղամեջ, քանի որ արդեն իսկ, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն ավարտվել են: «Տների հանձնումը կատարվելու է մինչեւ ամսվա վերջ: Կարծեմ՝ մինչեւ հունիսի 24-ն է ժամկետը: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ իրավիճակ է Կիրանցում: Ադրբեջանցիները մեր տներից հիմա մի քիչ հեռու են, բայց որ մի քիչ էլ առաջ գան` կամուրջը վերցնելու համար, չգիտենք, թե ինչ է լինելու: Ամբողջական սահմանազատումը դեռ չի ավարտվել Կիրանցում, սահմանը գծված է, բայց ամբողջությամբ չի արվել, դեռ չեն եկել գյուղի ներս: Նշվել է, որ պետք է ամբողջական սահմանազատում արվի․ դպրոցից 50 մետր հեռավորության վրա ազերիները տեղակայվելու են մոտ երկու ամսից: Վստահ եմ, որ այդ տարածքի տներն էլ մարդիկ կքանդեն, ու այն չի մնա Ադրբեջանին: Պայմանավորվածությունն այդպիսին է: Երկու տուն արդեն անցել է Ադրբեջանին»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ պատմեց կիրանցեցի հայտնի ակտիվիստ Գոհար Վարդանյանը:
Իսկ Կիրանցում մարդիկ արդեն հաշտվե՞լ են այս դաժան իրողության հետ, էլ ակցիաներ չե՞ն իրականացնում գյուղացիները։ Գոհար Վարդանյանն ասում է. «Չէ հա, էլ ի՞նչ ակցիա, մեզ մոտ ամեն ինչ ավարտվել է, իմաստ կա՞ ինչ-որ բան անելու, վերջ: Հիմա ճանապարհ փակենք, որ ի՞նչ, սահմանապահներն էլ գալիս-գնում, էլ ինչի՞ համար փակենք, ո՞րն է լոգիկան, ճանապարհ փակելով միայն գյուղին վատություն կանենք: Այժմ Կիրանցի վերահսկողությունն իրականացնում են սահմանապահները»: Գյուղում կա՞ն ընտանիքներ, որ որոշել են հեռանալ Կիրանցից։ «Այո, մի ընտանիք հաստատ գիտեմ, բայց հիմա այդ մասին չեմ ուզում խոսել»,- եզրափակեց Գոհարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել