Tert.am-ը գրում է․

Արցախյան պետհամարանիշով մեքենան ահազանգի պատճառով պարեկների կողմից կանգնեցնելու ու արցախցիներին ասելու՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում դեպքի հետ կապված Պարեկային ծառայողների գործողությունները կարգապահական խախտման հատկանիշներ չեն պարունակում։ Այս մասին ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցմանը տեղեկացրել են ոստիկանությունից։

ՀՀ ՆԳՆ նախարարությունից Tert.am-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ արդյոք միջադեպի հետ կապված պատասխանատվության են ենթարկվել պարեկները։

«Ուսումնասիրմամբ պարզվել է, որ պարեկային ծառայողն Արցախյան պատերազմին չմասնակցելու վերաբերյալ քաղաքացուն հարցում չի կատարել, իսկ մեկ այլ պարեկային ծառայող, ուժեղացված ծառայության իրականացմամբ պայմանավորված, հետաքրքրվել է քաղաքացու՝ հանրահավաքին մասնակից լինելու հանգամանքով: Պարեկային ծառայողների գործողությունները կարգապահական խախտման հատկանիշներ չեն պարունակում»,- նշված է ոստիկանության պատասխանում։ 

Հիշեցնենք, որ Սայիդա Պողոսյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել, որտեղ պատմում էր, թե պարեկները կանգնեցրել են իր ընկերոջ մեքենան, ով ձայնային ազդանշան էր տվել։

«Բայց հետո պարզվեց որ խնդիրը ազդանշանը չէր այլ մեքենայի Արցախյան համարներ ունենալը։ Րոպեների ընթացքում 4 հաշվարկ ոստիկանական մեքենա է մոտենում ընկերոջս, 8 պարեկներից և ոչ մեկը զինված չէր տեսաձայնային նկարահանող սարքով, և հենց դա ազատություն տվեց նրանց ձեռնարկել սադրիչ քայլեր և զրուցել փողոցային բառապաշարով ու գործին չառնչվող հարցերով»,- գրել էր նա։

Ապա պարեկները նշել էին, թե մեքենան պետք է տուգանային հրապարակ տանեն այն հիմքով, որ այն հետախուզման մեջ է։ Սայիդա Պողոսյանը գրառման մեկնաբանություններում հրապարակել էր տեսանյութեր, որտեղ լսվում էր, որ պարեկները արցախցուն ասում էին․

 «Էս միտինգի ե՞ս մասնակցում, Արցախյան պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս մասնակցում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել