Իսրայելի ընդդիմության առաջնորդներից Բենի Գանցը հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ լքելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմական կաբինետը, գրում է dw.com-ը։

«Նեթանյահուն մեզ խանգարում է առաջ շարժվել դեպի իրական հաղթանակ (Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ.-Խմբ.)»,- ասել է Գանցը կիրակի հեռուստատեսային ելույթում:

Կառավարությունից հեռանալու որոշումը քաղաքական գործիչը «դժվար և ցավալի» է որակել։ Ըստ Գանցի, որը համարվում է Բենիամին Նեթանյահուի գլխավոր քաղաքական հակառակորդը, նա լքում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակումից հետո ձևավորված ռազմական կաբինետում պաշտպանության նախարարի պաշտոնը, «քանի որ երկրում և որոշումներ ընդունելու սենյակում իրավիճակը փոխվել է»։

Միևնույն ժամանակ Գանցը մեղադրել է Նեթանյահուին անձնական քաղաքական շահերը Գազայի հատվածի հետպատերազմյան ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունից վեր դասելու համար։

«Ճակատագրական ռազմավարական որոշումները կայացվում են անվճռականությամբ և քաղաքական նկատառումներով պայմանավորված ուշացումներով»,- ընդգծել է ընդդիմադիր քաղաքական գործիչը և վարչապետին կոչ արել ընտրություններ անցկացնել առաջիկա ամիսներին։

«Ես կոչ եմ անում Նեթանյահուին. նշանակեք ընտրությունների համաձայնեցված ամսաթիվ, թույլ մի տվեք, որ մեր ժողովուրդը բզկտվի», - մեջբերում է CNN-ը Գանցի խոսքերը:

Մայիսի կեսերին Բենի Գանցը վերջնագիր էր ներկայացրել Նեթանյահուին՝ հայտարարելով, որ հրաժարական կտա, եթե երկրի վարչապետը մինչև հունիսի 8-ը չներկայացնի Գազայի հատվածի հետպատերազմյան կարգավորման ծրագիր։ Նախարարների կաբինետը պետք է մշակի նմանատիպ ծրագիր՝ վեց ռազմավարական նպատակներին հասնելու համար, այն ժամանակ բացատրել էր Գանցը: Դրանք ներառում են ՀԱՄԱՍ-ից պատանդների ազատումը, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության տապալումը, այս տարածքի ապառազմականացումը և դրա նկատմամբ Իսրայելի անվտանգության վերահսկողության հաստատումը: Անհրաժեշտ է նաև այս տարածաշրջանում ստեղծել «քաղաքացիական կառավարման միջազգային մեխանիզմ»՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, արաբական երկրների և պաղեստինցիների մասնակցությամբ, մայիսին նշել էր Գանցը։

Իր հերթին, հունիսի 8-ին Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել Բենի Գանցին շարունակել աշխատանքը պատերազմական կաբինետում։

«Հիմա միասնության, ոչ թե պառակտման ժամանակն է»,- գրել է Իսրայելի վարչապետը X սոցիալական ցանցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել