Մինչդեռ բոլորի համար պարզ է մի բան. գերխնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ դրա համար նախեւառաջ հանրային մեծ ճնշում ապահովելը, մյուս հարցերը երկրորդական են, եւ այս պահին դրանց մասին խոսելը խանգարում է ձեռնարկած գործի բուն նպատակին: Այսինքն՝ բոլոր այն կուսակցությունները, քաղաքական գործիչները, որոնք ծանրութեթեւ են անում, ինչ-ինչ պատրվակներով փողոց դուրս չեն գալիս կամ ունեցած ողջ ռեսուրսը չեն դնում այս գործի համար, իրականում, կա՛մ լատենտ նիկոլականներ են եւ չեն ուզում Նիկոլի հեռացումը, կա՛մ էլ հայրենիքն ու նրա փրկությունը ստորադասում են իրենց ստանալիք պաշտոնին, դիրքին, դիվիդենտներին:
Ընդդիմադիր դաշտի որոշ անդամների մասին տարբեր պատմություններ են պտտվում, որոնք, ըստ ամենայնի, ընկել են նաեւ Բագրատ սրբազանի ականջը: Օրինակ, շարժման պասիվ աջակիցներից մեկն իր ազգականին խորհուրդ է տվել՝ մեկ-մեկ երեւալ ակցիաներին, սրբազանին մոտ կանգնել, որ իշխանափոխությունից հետո պաշտոն ստանա։ Պատահական չէ, որ Բագրատ սրբազանը շարունակ կրկնում է «չակնկալիքների շարժում» արտահայտությունը, իսկ օրերս կոչ արեց շարժմանը սատարող քաղաքական ուժերին՝ հստակ արտահայտել իրենց համերաշխությունը կամ հայտարարել, որ չեն սատարում։ ՀՀ քննչական կոմիտեի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նա թվարկեց, թե ինչ կարող են անել քաղաքական ուժերի ներկայացուցիչները. ճանապարհներ փակել, տարբեր ձեւերով արձագանքել ոստիկանության գործողություններին եւ ապօրինություններին, ցուցարարների ձայնը ներկայացնել միջազգային կառույցների վարքագծին:
Շարժման ակտիվին հատկապես զարմացնում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պահվածքը, ում շատերը տեսնում էին որպես վարչապետի թեկնածու, եւ երբ շարժման մեկնարկին հայտարարություն արեց քաղաքականություն մտնելու մասին, իսկ դրանից հետո առանձնապես ակտիվ չէ։
Կուսակցականների հաշվենկատ պահվածքն այնքան ցցուն է, որ սրբազանը երբեմն ստիպված է լինում գրեթե հասցեական հակադարձել «չակնկալիքների պայքարից» մեծ ակնկալիքներ ունեցողներին։ Իսկ կոչերից հետո, երբ սկսեցին Բագրատ սրբազանից պահանջել, որ նա հրապարակի ժամանակավոր կառավարության կազմը, սրբազանը հայտարարությամբ հանդես եկավ․ «Այն մարդկանց, որոնք ուզում են կառավարության կազմն իմանալ, հիշեցնում եմ՝ ձեր ցերեկով անցած ճանապարհը ես գիշերով լիքը անցել եմ։ Դուք այդ կազմը չեք իմանալու, որպեսզի սկսեք ոչնչացնել մարդկանց, կամ իմանաք՝ դուք կա՞ք այդ կազմում, թե՞ ոչ։ Արդեն ասել եմ, որ սա չակնկալիքների պայքար է, որ մեզ հասցնելու է մեր երազած Ավետյաց երկրին»։
Նախկին վարչապետ, «Միասին» շարժման առաջնորդ Հրանտ Բագրատյանին էլ վերջին օրերին չէինք նկատել ակցիաների ժամանակ, ուստի կապվեցինք նրա հետ եւ հարցրինք` չե՞ք մասնակցում ակցիաներին։ Նա իրեն բնորոշ տոնով ասաց` լավ չենք տեսել, ինքը մշտապես ներկա է լինում ակցիաներին․ «Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված ձեր չտեսնելը, ավելի ուշադիր եղեք։ Երեկ էլ եմ հանդիպել սրբազանի հետ, զրուցել ենք, որեւէ խնդիր չկա, մենք միշտ էլ տեսնվում, զրուցում ենք, ոչ մի խնդիր չկա»։ Հարցրինք՝ այսինքն, իրենց ուժը պաշտոնների ակնկալիք չունի, ինչպես սրբազանն էր ակնարկում ոմանց ու ասում, որ ովքեր ակնկալիքներ ունեին, ու չարդարացան, այսօր այլեւս մեր կողքին չեն։ «Ոչ, մենք պաշտոնի ակնկալիք չունենք»։ Ավելին, տեղեկացանք, որ սրբազանը մի քանի առիթով բարձրաձայնել է Հրանտ Բագրատյանի անունը, նախկին վարչապետը խնդրել է ձեռնպահ մնալ դրանից:
Սրբազան շարժումը ողջունել էին նաեւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները, Անի Սամսոնյանը գրել էր` Երեւանում սպասում ենք Բագրատ սրբազանին: Տեղեկացանք, որ ԼՀԿ ներկայացուցիչները նաեւ հանդիպում են ունեցել սրբազանի հետ առանձին, ապա համատեղ՝ քաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցած ԼՀԿ քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին հարցրինք՝ ի վերջո, իրենց կուսակցությունն աջակցո՞ւմ է սրբազանին, թե՞ ոչ, եթե այո` ինչո՞ւ փողոցում չեն, նրա կողքին։ «Շարժումը եղել եւ շարունակում է մնալ ապակուսակցական, եւ այս առումով կուսակցությունները՝ որպես քաղաքական մարմիններ, ներգրավված չեն, բացառությամբ սրբազանի նախաձեռնած` կուսակցությունների հետ հանդիպմանը: Ինքս ներկա եմ եղել այդ հանդիպմանը, եւ, ինչպես տեղյակ եք, դրանից հետո որեւէ այլ՝ կուսակցությանը վերաբերելի նախաձեռնություն չի եղել։ Մեր ըմբռնումը շարունակում է մնալ նույնը, առ այն, որ միակողմանի զիջումները պետք է դադարեցվեն, այդ թվում՝ նաեւ hանրային ճնշմամբ եւ ներքաղաքական գործիքներով: Կուսակցության անդամները, կիսելով այս օրակարգը, ըստ իրենց հայեցողության, մասնակցում են հանրային միջոցառումներին»,- պատասխանեց Խաժակյանը։ Դեմ են միայն միակողմանի զիջումների՞ն, թե՞ նաեւ Նիկոլ Փաշինյանի հեռացմանն են կողմ:
«Առիթ ունեցել եմ ասելու, որ եթե իշխանությունը շարունակում է միակողմանի զիջումների քաղաքականությունը, ապա վերջիններիս հեռացումը հրամայական է: Ըստ իս՝ այդ պրոցեսում ամենաարդյունավետ քայլը կլինի ընդդիմության կողմից մանդատները վայր դնելը (հասկանալի է, որ իշխանությունն ինքնակամ չի հեռանա), ինչը ներքաղաքական ճգնաժամն էլ ավելի ակնհայտ կդարձնի եւ հանրային աջակցություն կգեներացնի, այդ թվում` նաեւ փողոցում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել