Հարցազրույց գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ

- Մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում ընդդեմ իշխանությունների շարժում է սկսվել, որի պահանջն իշխանության հեռացումն է։ Ձեր կարծիքով՝ ներքաղաքական այս լարվածությունն ինչպե՞ս պետք է լիցքաթափել։

- Հայաստանում, բացարձակ, ներքաղաքական լարվածություն չկա, Հայաստանում մի քանի հոգի հավաքվել են օտարերկրյա ուժերի, երկրների, մի քանի գործակալական  ցանցեր միավորվել են Հայաստանի՝ ժողովրդի կողմից տրված իշխանության դեմ, այսինքն՝ ՀՀ ժողովրդի դեմ։ Այդ մասին կարող եք տեսնել փողոցներում, վերջերս նաեւ Գյումրիում էին, գյումրեցին իր վերաբերմունքը ցույց տվեց։

- Նկատի ունեք գյումրեցիների լավ ընդունելությո՞ւնը։

- Դե, մի քանի ավտո մարդ էին եկել, իրանց ժողովուրդն էր, Թատերական հրապարակում ցիրկ էին ցույց տալիս, հետո էդ ցիրկն ավարտվեց, էդ մարդիկ նստեցին իրենց մեքենաները, վերադարձան Երեւան։

- Ուզում եք ասել՝ գյումրեցիները սրբազան շարժման հավաքին չե՞ն մասնակցել։

- Բացարձակ` մի քանի հոգի, ովքեր Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են եղել, ովքեր ՀՀԿ-ից են եղել` աշխատանքից ազատվել են, քրեական գործեր, կոռուպցիոն գործունեություն ծավալած։ Արձանագրենք, որ Գյումրիում բոլորը գրեթե մեր կողմնակիցներն են, եւ այդ մասին է վկայում, որ մարդիկ դուրս չեկան, դա հստակ ցուցիչ է։ Երեւանում էլ ենք տեսնում նույնը, մի քանի հոգի չե՞ն հավաքված։․․․ Լավ, ընդունենք՝ մի քանի տասնյակ, երեւում է, չէ՞, տեսնում ենք, չէ՞, թե ովքեր են այնտեղ։ Ես չեմ ուզում մեր քաղաքացիներին վիրավորել, այդտեղ մարդիկ կան, որ որոշակի մոլորության մեջ են, մարդիկ էլ կան, որ կոնկրետ քաղաքական ռեւանշիստներ են` ուզում են գալ իշխանության, ժամանակին իշխանության են եղել, հիմա չունեն։

- Տասնյակ հազարավոր մարդիկ ձեր հեռացումն են պահանջում, որովհետեւ ձախողել եք, սահմանազատման գործընթաց եք հայտարարել, բայց միակողմանի զիջումներ եք անում, ասում են՝ սա իշխանության պայքար չէ։

- Հայաստանի բնակչությունը, կարծեմ, 2 միլիոնից ավել է։

- Ինչի` ձեր ժամանակ այդքան մա՞րդ էր դուրս եկել, «հանրության ակտիվ զանգված» հասկացություն գոյություն ունի։

- Դե, տեսեք՝ ոնց են հիմա դուրս գալիս, գումար են բաժանում, քրեական գործեր կան, նույնիսկ խոստացած գումարները չեն տալիս քաղաքացիներին, այն գումարները, որոնք ժամանակին կերել են քաղաքացիներից։

- Չե՞ք վախենում, որ դատի կտան Ձեզ, փաստեր կներկայացնե՞ք։

- Թող տան։

- Խոսեցիք գործակալական ցանցի, երկրների մասին, որոնք աջակցում են սրբազան շարժմանը` ո՞ւմ նկատի ունեք: Ուզում եք ասել, որ շարժման առաջնորդներն այլ պետության գործակալնե՞ր են, ասենք` Բագրատ սրբազանը։

- Բա իրանց մի հատ հարցրեք, որպես լրագրող հարց տվեք, ասեք՝ Հայաստանի Հանրապետության անունն եք տալիս, դուք գիտե՞ք, թե ՀՀ-ն ինչ տարածք ունի, ինչքան է ՀՀ տարածքը, բա եթե իրենք արտաքին ուժերի շահերը սպասարկող չեն, ինչո՞ւ իրենց պետության, երկրի տարածքի մասին մինչեւ հիմա չեն ուզում ուղիղ թվով խոսել։

- ԱԱԾ-ն նախօրեին հերքեց իշխանությունների տարածած հերյուրանքները, թե Բագրատ սրբազանն այլ պետության գործակալ է` գրավոր պատասխանել էին լրագրողների հարցմանը։ Դուք նորից շարունակում եք:

- Դուք ո՞նց էիք պատկերացնում, ուրիշ ձե՞ւ պետք է լիներ․․․ Իմ կարծիքով, այդ հայտարարությունը կարդալով` քաղաքականությունը հստակ պատկերացնող մարդը կարող է վերլուծել։

- Օրինակ, ի՞նչ եք վերլուծել Դուք։

- Ես ասում եմ, որ այդ հայտարարությունն ուշադիր կարդալուց հետո կարելի է վերլուծել։

- Եթե Հայաստանում այլ պետության գործակալներ կան, ինչո՞ւ ԱԱԾ-ն, ըստ օրենքի, չի ձերբակալում, գործ չի հարուցում, ինչո՞ւ է հանդուրժում մեր պետությունում օտար գործակալներին։

- Մենք ժողովրդավար պետություն ենք, եւ Հայաստանում ամեն մարդ, ՀՀ քաղաքացի ազատ կամարտահայտման իրավունք ունի։

- Գործակալնե՞րն էլ։

- Ես չեմ տվյալ մարմինը, ով զբաղվում է գործակալներով, ես քաղաքական գործիչ եմ ու կարծիք եմ հայտնում:

- Կարծիք չեք հայտնում, զրպարտում եք եւ քրեական ծանր հանցանքի մեջ եք մեղադրում այլ անձի, չե՞ք վախենում, որ Ձեզ դատի կտան։

 - Թող տան:

- ՔՊ-ականներդ հեգնում եք, թե մի քանի մարդ է փողոցում, եթե այդպես է, ինչո՞ւ եք առավոտից երեկո բոլորդ սրբազան պայքարի մասին խոսում, վարկաբեկում, փնովում: Մի քանի մարդը ձեզ ինչո՞ւ է անհանգստացնում։

- Ես բացարձակ չեմ խոսում, չեմ էլ ճանաչում։ Մեզ հանրությունը վստահում է, սիրում է, ես ազատ քայլում եմ հանրության մեջ, ազատ շրջում եմ եւ ավելի իրազեկված եմ, այո, ՔՊ-ն այսօր լիակատար վստահություն ունի։

- Այս շարժումը, կարծում եք, իշխանափոխության չի՞ հանգեցնի։

- Ես այստեղ շարժում չեմ տեսնում, Երեւանի փողոցներում ընդամենը կուտակումներ են, որոնք խանգարում են մնացած քաղաքացիների տեղաշարժը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել