«Հանդիպեցինք, պայմանավորվեցինք, որ Սպիտակ քաղաքի կամուրջը կառուցենք՝ սեյսմիկ գոտում անվտանգության բարձիկներով, ջրահեռացման համակարգով, ամեն ինչով։ Ու այդ ամենը կառուցվում էր անտոկոս փողով, որը տրամադրում էր Ավստրիայի կառավարությունը՝ 7 միլիոն եվրո։ Հետո հաշվարկ արեցին, պարզվեց, որ 7 միլիոնը չի բավարարում դարձրին 10 միլիոն։ Կամուրջն ամբողջությամբ կառուցվելու էր երկաթյա կոնստրուկցիաներով։ Գնացին, եկան, նկարեցինք, կամրջաշինական ընկերության հետ ասացին` համագործակցեք, ինչ ասացին՝ համաձայնեցինք։ Այդ 10 միլիոնով կամուրջը պիտի սարքեինք, ու 10 տարի հետո նոր միայն մեր կառավարությունը պիտի սկսեր այդ գումարը կամաց-կամաց մարել ու առանց տոկոսի՝ ոչ մի ցենտ այդ գումարի վրա չէր ավելանալու»,- ասաց Շահումյանը։ Ավստրիական «Վագներ Բյուրոն» վերակառուցել է նաեւ Երեւանի օպերայի շենքի բեմահարթակը` լուսավորությունով, Պարոնյան թատրոնը՝ կրկին soft loan-ով, այսինքն՝ առանց որեւէ տոկոսադրույքի։ Շահումյանը շեշտեց, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումները շատ մեծ դժվարությամբ էին կազմակերպվում, արդյունքում ոչինչ չարեց հայկական կողմը, ու 1.5-2 տարի այդ գումարն «օդում կախված» մնալուց հետո այն չօգտագործվեց։
«Հեղափոխությունից հետո որոշեցինք եւս մեկ անգամ փորձել։ Ավստրիայի արտգործնախարարը գործարարների խմբով երբ եկել էր Հայաստան, «Մարիոթ Արմենիայում» մեր գործարար շրջանակների հետ հանդիպում էին նշանակել, ես՝ որպես «Վագներ Բյուրոյի» տարածաշրջանային ներկայացուցիչ, կրկին առաջարկեցի, որ եթե նպատակահարմար չեք գտնում, որ այդ կամուրջը կառուցվի, դա կարող եք դարձնել վճարովի՝ տարիների ընթացքում ինքն իր փողը կվերադարձնի, պետությունից ոչինչ պետք չէ․ այդ սխեման էլ կարելի էր օգտագործել, դա էլ չարեցին»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։
Շահումյանն առաջարկել է պատրաստի մոդուլային կամուրջներ, որոնք աղետի, պատերազմի ժամանակ արագ վերականգնվում են՝ մեկ-երկու օրվա ընթացքում։ «Հաշվի չառան այդ առաջարկը։ Առաջարկեցինք, որ կամուրջներից նետվող՝ ինքնասպանություն գործող մարդկանց համար անվտանգության գոտիներ կարող ենք կառուցել՝ օգտագործելով տրամադրվող գումարի որոշ մասը, երեք անվտանգության գոտի էր լինելու, եւ հնարավոր չէր լինելու կամրջից նետվելով ինքնասպան լինել, բացառվում էր։ Այդ ժամանակ մեզ հետ հանդիպման եկան ԱԻՆ-ից երկու գնդապետ եւ մեկ կին, իրենց նոր առաջարկ արեցինք։ Քանի որ soft loan-ն արդեն փակվել էր, ասացինք` շատ ցածր տոկոսով ավստրիական վարկ կարող ենք վերցնել՝ այդ աշխատանքն անելու համար, եթե մեր իշխանությունների կողմից հետաքրքրություն կա։ Այդ գնդապետները եկան, քննարկեցինք իրենց հետ, ասացին, որ մոդուլային կամուրջներ տրամադրենք, որ պահեստում ունենան, որ երբ պետք լինի՝ օգտագործեն։ Ոնց որ այս աղետը եղավ` հեղեղումների պատճառով, եթե ունենայինք, վաղուց այդ կամուրջները վերականգնված կլինեին։ Նույն օրը կարող էին տանել տեղադրել, պատրաստի բաներ էին։ Ասացինք, որ եթե մոտ 5 միլիոն դոլար տրամադրեն, ապա, Աստված չանի, եթե պատերազմ լինի կամ այլ աղետ, արագ հնարավոր է դրանք տեղադրել։ Ասացին՝ շատ հետաքրքիր է, նշումներ արեցին։ Նույն օրը Գնել Սանոսյանի հետ ենք հանդիպել, նշումներ արեց, ասաց, որ քաղաքապետի հետ կքննարկի, հետո պաշտոնական նամակ ուղարկեցին, ես պաշտոնական նամակն առձեռն տարա հանձնեցի, գրանցեցին, ու ոչ մի արձագանք: Ո՛չ զանգերին պատասխանել, բացարձակապես ոչ մի արձագանք չեղավ»,- ասաց Շահումյանը։
Սակայն անակնկալն առջեւում էր․ 2-3 ամսվա լռությունից հետո Ավստրիայի հյուպատոսարանից կապ են հաստատում «Վագներ Բյուրոյի» հետ ու տեղեկացնում, որ ԱԻՆ-ը դիմել է իրենց ու հայտարարել, որ ավստրիական ընկերությունն իրենց 5 միլիոն եվրո գրանտ է առաջարկել՝ իրենք համաձայն են այդ գումարը վերցնել։ «Ի՞նչ գրանտի մասին է խոսքը, մի՞թե այդ աստիճան անգրագետ էին այդ երկու գնդապետները կամ այդ կինը, որ եկել էին, որ չեն հասկացել, թե ինչի մասին է խոսքը՝ ժամուկես բանակցելուց հետո։ Իրո՞ք շատ են մտածել այդ ձրի փողը վերցնելու մասին, ես չեմ հասկանում՝ ինչ ձեւով են մտածում այդ մարդիկ։ Զանգահարեցի Ավստրիա ու ասացի, որ անօգուտ է, դադարեցնենք այս վիճակը։ Ես տարիներ շարունակ չարչարվեցի, որ մի օգտակար բան անենք՝ ոչինչ չեղավ, անլուրջ վիճակ։ Այս վերջին աղետը, որ եղավ... ժամանակին որ լսեին, գոնե մի քանի հատ վերցնեին, այսօր այսքան խնդիր չէր առաջանա։ Էժան, արագ վերականգնվող կամուրջներ. խնդիրը շատ արագ կլուծվեր՝ 1-2 օրվա մեջ ամենաշատը»,- ասաց «Վագներ Բյուրոյի» ներկայացուցիչը։
Հարություն Շահումյանը շեշտեց, որ եթե անհրաժեշտություն լինի, կարող է հենց այս պահին նորից կազմակերպել` 1-2 օրվա ընթացքում չափագրումներ, շատ կարճ ժամանակում պատրաստեն մոդուլային կամուրջ, ոչ թե ամիսներով սպասեն, որ բետոնից թանկ կոնստրուկցիաներ սարքեն, բերեն, վերականգնեն հաղորդակցությունը։ «Չարեցին մարդիկ՝ ես ի՞նչ անեմ․ երեւի ինչ-որ բան կար, որ չարձագանքեցին, երեւի անձնական հետաքրքրվածություն չառաջացրեց։ Ես կապի մեջ եմ ընկերության հետ, ու եթե ինչ-որ բան պետք լինի մեր երկրին, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, պիտանի լինել: Տիտանական աշխատանք արվեց, բայց զրո արդյունք»,- եզրափակեց Հարություն Շահումյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել