«Մարող» շարժումն այնքան չի հուզում ՔՊ-ականներին, որ Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած ամենափոքր ու մինչ օրս ձայն-ծպտուն չհանած ուսապարկով, զբաղված են շարժումը վարկաբեկելով: Բագրատ սրբազանն ու «սրբազան պայքարը» օրակարգ են թելադրում, վախեր գեներացնում, ստիպում, որ բոլորն իր մասին խոսեն: Մինչեւ անգամ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հաղթահարել իր վախերը եւ նորից հեծանիվ վարել, քանի որ այդ մասին հիշել էր սրբազանը, թե հեղափոխությունից հետո ոտքով ու հեծանիվով գործի գնացող վարչապետն այժմ պաշտպանվում է թիկնազորի ու ոստիկանական զորքի ետեւում ու տեղաշարժվում ծայրը չերեւացող ավտոշարասյունով։ Նրա կինն էլ երեկ Երեւանի փողոցում էր հայտնվել եւ սելֆիով ու ժպիտով ցուցադրում էր, որ չեն վախենում` փողոց են դուրս գալիս:
«Մարող» շարժումն այնքան «չի հուզում» ՔՊ-ականներին, որ բյուջեի կատարողականի քննարկումները նրանք վերածեցին «սրբազան պայքարը» վերլուծելու եւ անվանարկելու հանդեսի, որտեղ հերթով-կարգով պատասխանում են պայքարի ու շարժման մասին իրենց բաժանված հարցերին եւ սեփական «հեղինակավոր» կարծիքը հայտնում դրա մասին։ Շարժումն այնքան է «մարել», որ Նիկոլ Փաշինյանը կառավարության եւ մյուս գերատեսչական շենքերի դիմաց ոստիկանական գույնզգույն բերետավորներից զորք է կանգնեցնում, հետաձգում է կուսակցական հանդիպումները, թիկնազորով է մասնակցում անգամ այն միջոցառումներին, որտեղ բացառապես երեխաներ են, որոնց ծնողներին անգամ, Փաշինյանի պահանջով, թույլ չեն տվել մուտք գործել միջոցառումների վայր։ Եվ «մարող» շարժման դեմ Փաշինյանն այնքան զորք է հանում, ինչքան երեւի չի հանել 44-օրյա պատերազմի ժամանակ մեր թշնամու դեմ: Ու անկառավարելի դարձած ոստիկանական բանդան անմարդկային, չլսված մեթոդներով է պայքարում ՀՀ խաղաղ, անզեն քաղաքացիների դեմ։
Երեկ սթրեսից դուրս գալու՝ շարժման «մարումն» արձանագրելու հերթը Արայիկ Հարությունյանինն էր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խորհրդարանում բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս մի քանի անգամ հատուկ ընդգծվածությամբ հայտարարեց, թե ցանկություն չունի «մարող շարժման քարոզչությանը» մաս կազմել, երբ Արծվիկ Մինասյանը պարզաբանում էր պահանջում՝ արդյո՞ք ՊՊԾ-ի հետ աշխատանք տարվել է այն ուղղությամբ, որ կաթողիկոսն ունի անարգել մուտքի իրավունք անգամ կառավարության թիվ մեկ մասնաշենք։
Քննարկումից հետո լրագրողները Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է կարծում, որ շարժումը մարել է։ Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ դա ասում է իր քաղաքական փորձառությունից եւ այն ընթացքից ելնելով, որն ինքը տեսնում է:
«Շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում»: «Երբ դու գալիս ես որեւէ մարմնի առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական որեւէ արձագանք ստանաս: Եթե կա անհրաժեշտություն հանդիպումների, էդ մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող են անել»: Արայիկ Հարությունյանին հարցրինք՝ ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում 2018-ին տված խոստումը` եթե տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հանրապետության հրապարակը լցնեն եւ իր հրաժարականը պահանջեն, ինքը կհեռանա: Արայիկ Հարությունյանը նախընտրում էր չպատասխանել մեր՝ իրեն ոչ այնքան հաճելի հարցերին։
Փոխարենը խրոխտ պատմում էր, որ երկու օր առաջ գրեթե հերոսական քայլ է արել` ոտքով ավելի քան երկու ժամ քայլել է Երեւանի փողոցներում․ «Եթե հիմա մարշրուտն ասեմ, գնացեք խնդրեք տարբեր օբյեկտների տերերին։ Ես երեկոյան 10-ից եղել եմ Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Տերյան փողոցներում, հրապարակում, Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում»։ Իսկ ինչո՞ւ այդ «հերոսությունը» չեք տեսանկարահանել, վերջին տարիներին իշխանականների համար ոտքով քայլելը լուրջ փորձություն է դարձել, փաստորեն` Դուք հաղթահարել եք այդ փորձությունը, Հարությունյանն արձագանքեց. «Ձեր հեգնական հարցին ժպիտով կպատասխանեմ»:
Ի դեպ, այդ ճեպազրույցից հետո խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի եւ ներկայանալով «Հարությունյանի հարեւան», պատմեց, որ լրագրողների առաջ գլուխ գովացող Արայիկ Հարությունյանը վերջին մեկ ամսվա ընթացքում «հատուկ ցերեմոնիայով» է վերադառնում Երրորդ մասի իր բնակարան։ Նրա ժամանելուց առաջ մեկ ուրիշ մեքենա է գալիս, ստուգում, թե շենքում արդյո՞ք ամեն ինչ մաքուր է, նոր Հարությունյանն է ժամանում ու բարձրանում տուն։
Շարժման մասին իշխանական նարատիվները տարածելու եկած հաջորդ բանախոսն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էր: Նա էլ իր հերթին վստահեցրեց, որ կառավարությունում խուճապային տրամադրություն չկա։
Հիշեցրինք, որ Փաշինյանը 2018-ին հայտարարել էր՝ եթե այս հրապարակում այսքան մարդ ասի՝ հեռացիր, ես կհեռանամ․ արդեն մի քանի անգամ այդ հրապարակում նույնքան, եթե ոչ ավելի շատ, մարդ է հավաքվել, ինչո՞ւ չի հեռանում։ Նարեկ Մկրտչյանն ասաց. «Եթե ժողովուրդը տա գնահատական, մենք հաշվի կնստենք»: Մեր ճշտող հարցին՝ հրապարակում ժողովուրդ չէ՞, նա առանց պատասխանելու հեռացավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել