Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը համաներում կիրառեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի նկատմամբ, ով մեղադրվում էր 2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի փողոցում ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելու համար՝ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ։ Հիշեցնենք․ Երանոսյանը եւ նրա ենթակաները «Սասնա ծռերի», նաեւ «Էլեկտրիկ Երեւանի» օրերին ծեծի էին ենթարկել ցուցարարներին եւ առանձնակի դաժանությամբ բռնություն էին կիրառել լրագրողների նկատմամբ։ Երանոսյանը, ում համար դատախազը 8 տարի պահանջեց, իսկ դատարանը 4 տարի «կարդաց»` համաներում կիրառելով, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։ Նկատենք՝ հանդուրժողականությունն անցյալի բռնությունների նկատմամբ ընդամենը նշանակում է, որ ներկաները եւս գիտակցել են, որ լեւոներանոսյաններ միշտ, բոլոր ժամանակներում պետք են։ Հիմա էլ քիչ չեն երանոսյանները:
ԱԳՆ-ի առաջ ցուցարարներին զանգվածային ծեծի ենթարկելու մարտաֆիլմը, փողոցի մեջտեղում կայանված ավտոմեքենաների վարորդների ծեծուջարդի կադրերը, պատգամավորի ծեծը, ջարդված քթով ցուցարարը համացանցի «հերոսներն» են այս օրերին` այդ կադրերը տասնյակ հազարավոր դիտումներ ունեն։ Վարորդներից մեկին հանում են ավտոմեքենայից ու «սատկացնում»` վրդովված կանանց ճիչերի ներքո։ «Թուրք»-ը հայկական ցանցերում ամենատարածված որակումն է այլեւս։ Հայհոյում ու բռնության են ենթարկում անգամ անձեռնմխելիություն ունեցող անձին` ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Յութուբը հեռացրել է Սիմոնյանի կոլեկտիվ ծեծի տեսարանը՝ նախազգուշացնելով․ «Տեսանյութում կարող են լինել նատուրալիստական կոնտենտ կամ բռնության տեսարաններ»։
«Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածն ուղղակի պատասխանատվություն է նախատեսում կարգավիճակը ծառայության հակառակ իրականացնելու համար»,- Քննչական կոմիտեն պաշարած ոստիկաններին զգուշացնում է իրավաբան, նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, իսկ նրանք հակադարձում են, թե հասարակական կարգն են պահպանում, եւ որ Գեւորգը «խմած» է։ Դանիել սրբազանին նրանք հրապարակավ ծաղրել են․ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով` հարվածներ են հասցրել։ Այս մասին երեկ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ սա որակելով որպես այլանդակություն եւ անպատվաբեր արարք։ Փողոցներում քաղաքացիների նկատմամբ կատարվող բռնությունների, վայրագությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Դանիել Իոաննիսյանին, ով նախկինում դատապարտում էր նման գործողությունները։
- Հիմա նորմա՞լ է, որ մարդկանց մեքենաներից հանում ծեծում են։
- Բարեւ Ձեզ։ Ես երկրում չեմ։ Բայց, բնականաբար, ո՛չ քաղաքացիների եւ ո՛չ էլ ոստիկանների կողմից բռնության դիմելը ողջունելի չէ։
- Ոստիկանությունը միշտ պետք է բռնության, քաղաքացիներին հնազանդեցնելու գործի՞ք լինի։ Մարդիկ ուղղակի փողոց են դուրս գալիս, խաղաղ ակցիաներ են անում, խուլիգանություն չեն անում: Լավ, ո՞ր իշխանության օրոք սա պետք է վերանա։
- ԱԳՆ-ի շենքը գրոհող ցուցարարների դեմ ոստիկանությունը բռնություն գործադրելու է միշտ։ Բա ի՞նչ պիտի անի։
- Մտել են շե՞նք։ Դո՞ւռ են ջարդել։ Ո՞րն է գրոհը։
- Այո, փորձել են մտնել։
- Իսկ Ռադիոտունը հիշո՞ւմ եք։ Էն ժամանակ ոչինչ չարեցին, չէ՞:
- Այո, դա էլ էր ապօրինի։ Չկարողացան, բայց փորձեցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել