Մի կառույցի ղեկավար՝ տվյալ դեպքում Հայ Առաքելական Եկեղեցու գլխում կանգնած կաթողիկոսը, երբ ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդություն, մայիսի 28-ին անվտանգություն ապահովող մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին:

Այս մասին Աժ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

«Երբ պարզել են, որ վեղարով տվյալ տարածք եկած խումբը չի պատրաստվում իրենց մյուս գործընկերների նման սադրել տվյալ միջոցառումը ու նրանք 2-3 րոպեով պետք է բարձրանան և հեռանան տարածքից, նրանց թույլատրվել է անցնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ եթե նրան թվում է՝ կրոնական կազմակերպության անդամը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, չարաչար սխալվում է։

«Երբ դուք ակնարկում եք Բագրատ Սրբազանին, ես կարող եմ հակադարձել՝ բա մյուս կրոնական կազմակերպություններին ի՞նչ վերաբերմունք եք ցույց տալիս, համարժե՞ք է ձեր վերաբերմունքը, թե՞ ոչ՝ սկսած ամենատարբեր վկաներից, վերջացրած սատանիստական կազմակերպություններից, թե՞ նրանց հովանավորում եք»,- հարցրեց Մինասյանը։

Երբ Արայիկ Հարությունյանը հարցեց՝ օրինա՞կ, Մինասյանը արձագանքեց, թե նա ավելի մանրամասները կիմանա։

Մինասյանը նշեց, որ Հարությունյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ պետական պահպանության ծառայությունը պարտավոր է ապահովել նույնիսկ Կաթողիկոսի տրանսպորտային ուղեկցումը։

«Օրենսդրությամբ կաթողիկոսը անարգել մուտք գործելու իրավունք ունի կառավարական տուն,  օրենսդրությունը պարտավորեցնում է ձեզ․ ձեր պարտականությունները կատարելով զբաղվեք, ոչ թե հանիրավի մեղադրանքներ հնչեցրեք, գնահատականներ տվեք» ,- ասաց Մինասյանը։

Արայիկ Հարությունյանն էլ հակադարձեց․ «Եկել եմ կատարողականի հաշվետվությանը և չեմ ցանկանում մաս կազմել ձեր մարող շարժման քարոզչությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել