Հայ առաքելական եկեղեցու ակտիվացումը իշխանություններն ամեն գնով փորձում են ներկայացնել իբրեւ հետադիմության դրսեւորում, «կղերաֆեոդալական» ավանդույթների հաղթանակ, որի դեմ իրենք բավարար չեն պայքարել 2018-ից սկսած: 

Չորեքշաբթի օրն ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով եկեղեցու ակտիվ գործունեությունը, հայտարարեց, որ ՔՊ-ական իշխանությունը 2018 թվականին իշխանության գալուց հետո շարունակել է կղերաֆեոդալական բարքերը հանդուրժել, եւ դա իրենց սխալն է եղել: Ասել է, թե դա է պատճառը, որ Հայաստանը զարգանալու, մեծանալու, անվտանգ ու ապահով երկիր դառնալու փոխարեն հիմա հետընթաց է ապրում: 
Այն, որ այս իշխանությունները բոլորին մեղադրում են երկրում առկա խնդիրների համար, դա թերեւս նորություն չէ, սակայն թե ինչու եւ ինչպես եղավ, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց իրեն արեւմտամետ համարել եւ մեր խնդիրների պատճառները տեսնել մե՛կ Ռուսաստանի, մե՛կ Հայ առաքելական եկեղեցու մեջ, բավականին տարօրինակ է: Ի վերջո, արեւմտյան ամենաառաջադեմ երկրներում հավատքը, կրոնը, եկեղեցու առաջնորդները, օրինակ` Հռոմի պապը, մեծ սեր ու ճանաչում են վայելում, եկեղեցի գնալը պարտադիր են համարում, եւ ոչ ոք կասկածի տակ չի դնում հոգեւոր առաջնորդներին: Ինչո՞ւ է Փաշինյանին թվում, որ հավատալ Աստծուն, վստահել եկեղեցուն՝ նշանակում է դավանել կղերաֆեոդալական բարքեր: 

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Հայ հին եւ միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ճանապարհորդնելն իր ամենասիրելի զբաղմունքներից է։ Դոլուխանյանը պատմում է, որ տարբեր եվրոպական առաջադեմ երկրներում է եղել, սակայն նման երեւույթի ականատես չի եղել, որ եկեղեցու հասցեին պետական այրերը թշնամանք տածեն։

«30-ականներին, երբ Խորհրդային Միություն էր, իհարկե, կային նաեւ լավ բաներ այդ տարիներին, բայց եկեղեցին շատ ճնշված էր, եկեղեցու հանդեպ շատ վատ բաներ էին անում, քանդում, ավերում, բայց Նիկողայոս Ադոնցը, որը Բրյուսելում էր գտնվում, հատուկ հոդված գրեց, որ հատկապես քրիստոնյա ժողովուրդներն անպայման պետք է հետեւեն եկեղեցու պահանջներին, եւ ինչքան էլ աշխարհն առաջ գնա, եկեղեցին իր դերը չպետք է կորցնի: Ինչու, որովհետեւ մեր պատմության ամենածանր պահերին մեզ մղձավանջից փրկել է Հայ առաքելական եկեղեցին: Թարմ դրվագ հիշեցնեմ․, Ներսես Աշտարակեցին 1928-ին մահմեդական լծից ազատագրեց Հայաստանը, դրանից հետո Սուրենյանցը, որը Սարդարապատի ճակատամարտի ոգին էր, նրանք՝ բոլորը, կռվել են մեզ համար, մեր ազատության համար, ի վերջո` Ֆրանց Վերֆելի հայտնի վեպում` «Մուսա լեռան 40 օրը», ամենադրական կերպարը Տեր Հայկազունի կերպարն է: Հոգեւորական, որը բոլորին աջակցում է եւ վերջում գնում է այն նավով, որտեղ աղքատներն ու կարիքավորներն էին: Ես չեմ ընդունում եկեղեցու, հատկապես` առաքելական եկեղեցու դեմ այս արշավը: Առաքելական եկեղեցին պետք է լինի այնքան, քանի դեռ հայ ժողովուրդը կա: Մարդիկ կան, ովքեր թեպետ մեծամասնություն էլ չեն կազմում, բայց այնպիսի բաներ են ասում մեր սրբազանի մասին, որ զարմանում եմ պարզապես: Ի՞նչ է ուզում Բագրատ սրբազանը, ընդամենը ուզում է, որ հայերս հայ մնանք, թուրք չդառնանք, նա այլ բան չի ուզում, ուզում է այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը: Ոչ մի հայ մարդ չի կարող ուրանալ իր ինքնությունը: Հայ մարդը չի կարող երազել հողեր, եկեղեցիներ, անտառներ հանձնելու մասին, Բագրատ սրբազանն էլ այդ գաղափարների կրողն է: Կան մարդիկ, ովքեր պաշտոններ ունեն, օգուտներ ունեն, դրա համար ինչ ասես խոսում են, բայց մտավորականը ոչ մի օգուտ չունի, մտավորականի օգուտը լավ հայրենիք ունենալն է: Ես միայն հայրենիք եմ ուզում: Գլոբալիզացիան կեղծ կատեգորիա է: Եվրոպայում էլ նման բան չկա, ֆրանսիացին մնում է ֆրանսիացի, իտալացին մնում է իտալացի, գերմանացին մնում է գերմանացի, առավել եւս` անգլիացին ամենաշեշտված ձեւով մնում է անգլիացի, ինչի՞ մասին է խոսքը, կարո՞ղ է հույնն ասում է` ես իմ ազգությունն ուրանում եմ։ Ոչ: Նրանցից ոչ մեկը չի ուրանում իր ազգությունը, ամեն մեկը հպարտ է իր մշակույթով: Ես երկու անգամ Իտալիայում եմ եղել, տեսել եմ, թե ինչպես են վերաբերվում Հռոմի պապին, երեք անգամ եղել եմ Մեքսիկայում, եղել եմ մեքսիկական բուրգերում, որոնք իրենց տաճարներն են համարվում: Տեսել եմ նրանց ամենակարեւոր` արեւի բուրգը, որն ամենաբարձր բուրգն է համարվում: Այդ բուրգը տեսնելու համար դու կարող ես անգամ զրկվել կյանքից, այնքան բարձր է, հսկայական աստիճաններով, բայց պետք է տեսնել, թե մեքսիկացիները ոնց են պահպանում այդ բուրգերը, սիրում եւ փայփայում, դողում իրենց հավատալիքների վրա: Հիմա մենք ի՞նչ ենք անում` հազար ամոթ, չի կարելի»,- ասում է Դոլուխանյանը: Նա նշում է, որ կիսում է Բագրատ սրբազանի գաղափարները. «Ես չեմ ուզում թուրք դառնալ եւ կիսում եմ սրբազանի տեսակետները, այդքան մի բան: Եկեղեցին ինձ համար մեծ արժեք է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել