Tert.am-ը գրում է.
Թեև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պարագայում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը որոշ դրական կետեր տեսնում է, սակայն վստահ է, որ եթե ՀՀ իշխանությունները որոշ հարցեր չբարձրացնեն ՄՄ անդամ պետությունների առաջ, ապա Հայաստանի տնտեսությունը «կփակվի»:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ հայտարարելով. «Գտնվելը Մաքսային միության մեջ, որտեղ 3 անդամներից 2-ը էներգակիրների խոշոր արտահանողներ են, իսկ մեկը (Հայաստանը) ներմուծող, և այն սակագներով, որոնք ստորագրվել են 2009-ին, «կփակի» Հայաստանի տնտեսությունը»:
ՀՀ նախկին վարչապետը լրագրողներին բացատրեց, որ Mfn ցուցանիշը անդամ պետությունների սակագների ցուցանիշ է՝ բաժանած շրջանառության վրա։ Այն Ռուսաստանի համար կազմում է 10,5, Բելառուսի համար՝ 10,6, Հայաստանի համար՝ 2, 5 տոկոս:
«Այսինքն՝ բոլոր տարիֆների գումարը բաժանվում է ողջ արտաքին առևտրի վրա: Հայաստանը 100 դոլար արտաքին առևտրից բյուջե է մտցնում 2,5-ը: Ըստ որում, բյուջե է մտցնում հիմնականում ներմուծումից, որովհետև արտաքին առևտուրը կազմում է 4,5 մլրդ, որից 3-ը ներմուծվում է, 1,5-ը՝ արտահանվում»,- հայտարարեց տնտեսագետը:
Սա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանը հայտնվելու է մի տարածքում, որտեղ սակագները պետք է 4 անգամ բարձրացվեն:
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ առաջին բանը, որ պետք է անեն ՀՀ իշխանությունները պետք է անդամ երկրներից ժամանակ խնդրեն, որպեսզի Հայաստանը հին սակագներով աշխատի երեք-հինգ-յոթ տարի: «Որ ադապտացնենք տնտեսությունը: Սա պետք է լինի առաջին պահանջը: Տիգրան Սարգսյանը սա պիտի աներ, ոչ թե հայտարարեր, որ քանի որ պետական սահման չունենք Մաքսային միություն չենք մտնում։ Բացարձակ անհեթեթություն է»,-ավելացրեց:
Ըստ ՀՀ նախկին վարչապետի, երկրորդը, որ պետք է ասի Հայաստանը հետևյալն է՝ «Նայենք թե ինչ եղավ Բելառուսի հետ»: Ըստ նրա մեկնաբանության՝ Բելառուսի ՄՄ մտնելուց հետո այս երկրի տնտեսությունը սկսվեց քանդվել, Ղազախստանինը՝աճել:
Նյութն ամբողջությամբ` այստեղ



