Tert.am-ը գրում է․

Թո՛ւյլ տվեք դիմել, ցավոք, բացակա ՆԳ նախարարին, ես կնայեմ էկրանին: Պարո՛ն նախարար, Ոստիկանության զինանշանի վրա գրված է՝ «ծառայում ենք օրենքին և ժողովրդին», Ձեր ղեկավարած համակարգն այսօր ոչ օրենքին է ծառայում, ոչ՝ ժողովրդին։

2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Երկու տարբերակ՝ կամ փոխեք զինանշանը և գրեք՝ «ծառայում ենք մի մարդու», կամ վերադարձեք Ձեր կոչմանը։ Այն ինչ ձեր ենթականերն արեցին մայիսի 27-ին Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի, մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հանցագործություն է։

Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, պարո՛ն Ղազարյան, հրաժարվե՛ք հակապետական վարքագծից, Դուք այսօր պետությանը չեք ծառայում, ափսոս եք»,- ասաց Վարդանյանը։

Ապա նա նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո ինքը երկու գեներալի, ովքեր նույպես ծառայել էին Փաշինյանի ռեժիմին, խորհուրդ է տվել դիմում գրել, հրաժարական տալ, ազատվել աշխատանքից, նրանք լսել են ու հիմա ազատ ապրում են․

«Նույն խորհուրդը Ձեզ, հրաժարակա՛ն տվեք։ Հիմա այստեղ չեք, պատասխան, արձագանք չեմ ակնկալում, բայց երբ մենակ մնաք, մտածեք և որոշում կայացրեք»,- ասաց նա։

Նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց․

«Ես կարծում եմ՝ ՆԳ նախարարը ուշադիր կլսի և կհավաստիացնի, թե ինչ քայլեր է անում»։

Վարդանյանն էլ արձագանքեց, որ Քոչարյանը չպատասխանի ՆԳ նախարարի փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել