Օրեր առաջ Էդուարդ Շարմազանովը գրառում էր արել, որ չի պատրաստվում համախմբվել ասպարեզ դուրս եկած որոշ ուժերի հետ, եւ որ ինքն իրեն կեղծել չի կարող: Նա մասնավորապես գրել էր. 

«Ես երբեք չեմ փայլել ականջահաճո ու պոպուլյար հայտարարություններով։ Ընդհակառակը՝ ասել եմ հաճախ բաներ, որ մեծամասնության սրտով չի էլ եղել։ Բայց ինձ կեղծել չեմ կարող ու հիմա էլ կասեմ կարծիքս քաղաքական ուժերի համախմբման արհեստական օրակարգի մասին։ Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված (ոստիկաններ են սպանվել) «ուժի», 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։ Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։ Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը, Լաչինն ու Աղավնոն, Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսի հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ: Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։ Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։ Ես ձեւական համախմբման կարիք չունեմ։ Սա բացառապես իմ անձնական կարծիքն է, բացառապես։

Ես պատրաստ եմ միավորվել արժեհամակարգի ու գաղափարի շուրջ՝ առանց որեւէ ամբիցիայի, ու դա բազմիցս ապացուցել եմ վերջին 6 տարիների ընթացքում։

Հուսահատությունը մեղք է։ Բայց ինքնախաբեությունն էլ պակաս աղետալի չէ։
Աստված տա՝ Սրբազան շարժումը հաջողի ու սպասարկի ՀՀ, հայության ու Հայ Եկեղեցու շահերն ու դավանած արժեհամակարգը»: 

Այս գրառումից ժամեր անց էլ, որպես պարզաբանում, Էդուարդ Շարմազանովը գրել էր, որ գրառումը բացառապես իր անձնական տեսակետն է, այն չի արտահայտում ՀՀԿ-ի դիրքորոշումը, ինչին դժվար է հավատալ` իմանալով ՀՀԿ ներքին կարգապահության եւ առհասարակ գործունեության սկզբունքների մասին: Մանավանդ օրերս ՀՀԿ-ամերձ գործիչներից մեկը` Վահան Բաբայանն էլ էր գրեթե նույն ձեւակերպումներն արել «Հրապարակին» տված հարցազրույցում: Նույնիսկ եթե ենթադրենք, որ դա իսկապես մասնավոր անձի կարծիք է, սակայն, օրինակ, հեռավոր Համզաչիմանում նստած ընդդիմադիր մարդը, ով հույսեր է կապում Բագրատ սրբազանի եւ նրա գլխավորած շարժման հետ եւ ցանկանում է, որ շարժումը հաջողի, կարդալով Շարմազանովի այս գրառումը, ինչ է զգալու, ինչպես է դրան արձագանքելու: Չէ՞ որ նմանատիպ գրառումները միմիայն վնասելու են այս շարժմանը, եւ, վերջապես` մեծ թվով մարդիկ էլ ընդդիմադիր շարժումներին մասնակցելիս էին այդ նույնն ասում` ես չեմ միանա այն շարժմանը, որտեղ Սաշիկ ու Վաչո կա, որտեղ Լիսկա ու Շմայս է հայտնվում, ոմանք էլ գուցե հենց Էդուարդ Շարմազանովին հրապարակում տեսնելով՝ հետ դառնային տուն: Եվ մեր բոլոր ջանքերն ուղղված են եղել այդ պառակտումը, սրան-նրան անուն կպցնելը վերացնելուն: Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Էդուարդ Շարմազանովից` ինչո՞ւ նման գրառում արեց, մարդիկ իրեն մեղադրում են դրանով իշխանության «ջրաղացին ջուր լցնելու» մեջ: Շարմազանովը նշեց, որ ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել, ապա հավելեց. «Բազմակարծություն է։ Ամեն մարդ իր կարծիքն ու ընկալումներն ունի։ Դա էլ այդ մարդկանց կարծիքն է։ Իմ կարծիքը ես հստակ ներկայացրել եմ։ Շնորհակալություն։ Հաջողություն ու հաղթական ընթացք եմ մաղթում Սրբազան շարժմանը։ Ես սովորություն չունեմ մեկնաբանել իմ գրածները։ ՀՀԿ տեսակետը Տիգրան Աբրահամյանը հստակ ասել է։ ՀՀԿ-ն անվերապահորեն սատարում ու աջակցում է Սրբազան շարժմանը։ Իսկ իմ գրառումը մի անգամ էլ կարդացեք ամբողջական։ Ավելացնելու բան չունեմ»։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց. «Պարոն Շարմազանովի պարզաբանմանն ավելացնելու ոչինչ չունեմ, մեր պաշտոնական դիրքորոշումը, ֆրակցիայի դիրքորոշումը վաղուց արտահայտված է»: Բայց չի՞ ստացվում, որ այն զանգվածը, որը պնդում է, որ չի գնա հրապարակ, քանի որ այնտեղ, օրինակ, Սաշիկ Սարգսյանի որդիներն են, հիմա նույն բանն անում է Էդուարդ Շարմազանովը` իր գրառմամբ։ Աբրահամյանն ասաց. «Ես նրա գրառմանն ավելացնելու բան չունեմ: Մենք տարբեր առիթներով, այդ թվում՝ սրբազանի հետ հանդիպման ժամանակ մեր տեսակետը հայտնել ենք ու նշել ենք, որ պատրաստ ենք սատարելու այն թեկնածուին, ում կառաջադրի շարժումը, խոսքը վերաբերում է նաեւ խորհրդարանում անվստահություն հայտնելուն: Մեր քաղաքական ուժի եւ խմբակցության դիրքորոշումը բավականին հստակ է»: Բայց դժվար է հավատալը, որ Շարմազանովն առանց երրորդ նախագահի հետ խորհրդակցելու նման գրառում է արել, իսկ ձեր կուսակիցները` մարզերում, կարդալով այդ գրառումը, ի՞նչ հետեւության են հանգելու։ «Շարմազանովն առաջին հերթին իմ ընկերն է, նա ֆիքսել է, որ իր անձնական տեսակետն է, իսկ Սերժ Սարգսյանի անունի հոլովումը չի բխում այս թեմայից: Չեմ բացառում, որ որոշ մարդիկ էլ կարող են, այո, թեման այլ կերպ դիտել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր դիրքորոշումն այս ընթացքում անընդհատ արտահայտվել է, տեղեկատվական հոսքերում եղել է գերակշիռ, կարծում եմ, որ այն այլ հետեւանք չի կարող ունենալ, չբացառելով նաեւ Ձեր նշածի հավանականությունը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել