ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծմամբ ու համակարգում իրականացվող օպտիմալացման համատեքստում կրճատվում են անձնագրային բաժինները։ Հիշեցնենք․ կառավարության որոշմամբ փակվեց Վարդենիսում գործող անձնագրային եւ վիզաների բաժնի գրասենյակը։ Որոշումից դժգոհ վարդենիսցիները, ի նշան բողոքի, անգամ փակել էին Երեւան-Վարդենիս ավտոճանապարհը` հայտարարելով, որ դրանով սահմանամերձ դարձած համայնքի բնակիչների կյանքն էլ ավելի են բարդացնում։

Այս ամենին կառավարությունն ականջալուր չեղավ, եւ հիմա անձնագրային ծառայությունների օպտիմալացման գործընթաց է սկսվել Կոտայքի մարզում: Արդեն 2 շաբաթ է, ինչ Չարենցավանի անձնագրային բաժանմունքը փակ է: Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներն իրենց անձնագրային խնդիրները լուծելու համար պետք է գնան Հրազդան:

«Բնակիչների համար ամեն բան դժվարացնում են: Պետք է գնանք, հասնենք Հրազդան, որ անձնագրի հետ կապված հա՞րց լուծենք: Ինչի՞ կառավարությունը մեր կարծիքը հաշվի չի առնում, մտքներով ինչ փչում ա, այն էլ անում են: Ֆանտան գյուղից Հրազդան հասնելու համար 2 տրանսպորտ պետք է փոխենք, նախ հասնենք Չարենցավան, հետո՝ Հրազդան: Առանց այն էլ դժվարին պայմաններում ապրող մարդիկ ենք, ինչի՞ են մեր կյանքն ավելի բարդացնում, սա անելու բան չի, որ անում են: Էսօր մեր երկրում օրենք չի գործում, որ բողոքենք, բան կփոխվի՞: Էս իշխանությունից ամեն բան սպասելի ա, սրանք երկիրն են ծախում, ուր մնաց անձնագրային բաժանմունք չփակեն»,- նեղսրտած ասում են բնակիչները:

Չարենցավանի բնակիչները դիմել են Չարենցավանի քաղաքապետարան, ավագանու անդամներին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել, որ որոշումը չեղարկեն: Օրեր առաջ Չարենցավան քաղաքի ավագանու նիստում ավագանու անդամները նախ բանավոր քննարկել են հարցը, ապա եկել ընդհանուր հայտարարի, որ գրավոր դիմում ներկայացնեն ՆԳՆ` որոշումը չեղարկելու համար։ «Մենք բոլոր ավագանու անդամներով եկել ենք մի եզրահանգման, որ սխալ է տեղափոխությունը: Մեր համայնքը խոշորացված համայնք է, ունի 40 հազար եւ ավելի բնակչություն, եւ այստեղ էլ էր բաժանմունքը ծանրաբեռնված աշխատում: Հրազդանում առավել եւս ծանրաբեռնված է աշխատում, ե՛ւ ժամանակի առումով, ե՛ւ ֆինանսի առումով ոչ մեկին հարմար չի Չարենցավանից գնալ հասնել Հրազդան»,- մեզ հետ զրույցում ասաց ավագանու ՔՊ-ական անդամ Լիլիթ Հարոյանը: Ավագանու ՔՊ-ական մյուս անդամ Նորիկ Վարդանյանն էլ ասաց, որ անձնագրային բաժանմունքների միավորվելուց հետո են իմացել, որ Չարենցավանի բաժանմունքը փակել են. «Քաղաքացիները գնում են Հրազդան եւ հերթերի մեջ են ընկնում: Մեզ են դիմում քաղաքացիները, որ ահագին դժվարություններ են ունենում անձնագրային բաժանմունքի հետ կապված, մենք էլ, հաշվի առնելով մեր կարգավիճակը, փորձում ենք օգնել նրանց, համոզված չենք, թե մեր դիմումն ինչ արձագանք կտա, ամեն դեպքում՝ փորձելու ենք ազգաբնակչությանն օգտակար լինել»:

Հիշեցնենք, որ փակվել են ոչ միայն Վարդենիսի, այլեւ Մեղրիի ու Ճամբարակի անձնագրային գրասենյակները: ՄՔԾ-ից մեր հարցմանն ի պատասխան փետրվարի 14-ին ասել էին, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կառուցվածքում գտնվող անձնագրային ծառայությունները կազմված են 63 տարածքային ստորաբաժանումներիից, որոնք այս տարի` բարեփոխման կամ օպտիմալացման անվան տակ, որոշել են կրճատել, դարձնել 47: Քաղաքացիներին էլ առաջարկում են անձնագրայինների ծառայություններից օգտվել փոստով նամակներ ուղարկելով, խոստանում են, որ փոստով էլ պատասխանը կստանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել